Նորություններ

Ինչպե՞ս է ձերբակալվել դատավորը կաշառք ստանալու պահին (Տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության մամուլի կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի ձերբակալությունից առաջ և ձերբակալության ընթացքում:

Հիշեցնենք` երեկ ԱԱԾ-ից Իրավաբան.net-ին հաղորդեցին, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Աղբյուրը փոխանցում էր, որ Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութում գումար տվող քաղաքացին նշում է, որ դժվարությամբ է հավաքել պահանջված գումարը` 20 հազար ԱՄՆ դոլարը. «Ես քեզ անպայման կօգնեմ, դու իմ բնավորությունը չհասկացար: Ախպեր ջան, դե որ ըտենց ա բաց դիր էնտեղ»,- ասում է դատավորը քաղաքացուն: Քաղաքացին խնդրում է գումարը հաշվել, սակայն դատավորը մերժում է նրա առաջարկը. «Էս ինչը, որ անում եմ, հաստատ իմացի, որ քո համար եմ անում: Մինչև ապրիլը հաստատ արխային էղի: Ես քեզ 3-4 օրից կասեմ` ապրիլից հետո ինչքան արխային լինես: Դու ունես, կոպիտ ասած 1000 անգամ ներողություն: Աստված ինձ ստեղծել ա, որ ես քեզ օգնեմ»,- գումարը փոխանցելուց հետո նշում է դատավորը:

Խաչատուր Խաչատրյանի իրավունքների պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ դատավորը կաշառք չի վերցրել: Նա նաև հավելեց, որ Խաչատուր Խաչատրյանը ցուցմունք չի տվել. «Դատավորը դեռևս դիրքորոշում չի հայտնել, որպես մեղադրյալ ներգրավված չի, մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար որևէ դիրքորոշում առայժմ չունի»,- շեշտեց պարոն Թումանյանը:

Տեսանյութը Հանրային Հեռուստաընկերության youtube-ի էջից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել