Նորություններ

«Իմ պահանջն իմ վշտից դաժան չէ». Լյուքս Ստեփանյանի մայրը դատարանից մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է պահանջում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում հունվարի 29-ին շարունակվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործի դատավարությունը: Դատական նիստին չէր ներկայացել միայն տուժող Հրաչյա Սարգսյանը: Դատարանը լսելով դատավարության կողմերի կարծիքը, որոշեց դատական նիստը շարունակել տուժողի բացակայությամբ: Մեղադրող Արթուր Զաքարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դատավոր Զոյա Զաքինյանը հարցով ցանկացավ ճշտել, թե արդյո՞ք ամբաստանյալին պարզ է իրեն առաջադրված մեղադրանքը և նա մեղավոր ճանաչու՞մ է իրեն: Ամբաստանյալը պատասխանեց, որ այնքան էլ պարզ չէ, իսկ դատավորի պարզաբանումից հետո ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Լուզիա Ստեփանյանը, դատարանից պահանջեց առավելագույն պատիժ՝ մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: «Իմ պահանջը, թեկուզ ինչքան էլ դաժան թվա, իմ վշտից դաժան չէ: Թող սա չթվա որպես կարգախոս՝ օդում փուչիկ, ոչ էլ սպառնալիք: Սա իմ կողմից պահանջ է, որ կամ մասսայական մահապատիժ, ծայրահեղ դեպքում՝ ցմահ ազատազրկում, որ յուրաքաչյուր զինվոր, յուրաքանչյուր զինվորական հասկանա, ինչ է զինվորի կորուստը ծնողի համար»,- ասաց Լյուքս Ստեփանյանի մայրը:

Որպես վկա հարցաքննվեց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, ով նույնպես դատարանից պահանջեց առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Այնուհետև դատարանում ցուցմունք տվեցին երկու վկաներ, ժամկետային զինծառայողներ Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը: Երկու վկաներն էլ դատարանին հայտնեցին, որ դեպքից ամիսներ անց լավ չեն հիշում դեպքի որոշ դրվագներ: Դատարանում տրված և նախաքննության ժամանակ տրված նրանց ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, ուստի դատարանում հրապարակվեցին վկաների նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին:

 

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել