Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակաման, հաշվարկման և վճարման կարգը

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:

Նպաստ չի տրվում`

  1. այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.
  2. եթե վարձու աշխատողը սույն օրենքի սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության.
  3. բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել