Ազգային ժողովում ելույթ ունեցավ ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանը

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 27-ին, ելույթ ունեցավ նաև սահմանադրական դատարանի նախագահ, բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանը:

Ելույթի սկզբում նա նշեց, որ Ազգային ժողովի շենքում առաջին անգամ պաշտոնավարել է ուղիղ 37 տարի առաջ և այս հաստատության հետ են կապված ոչ միայն նրա, այլ նաև մեր երկրի ճակատագրին առնչվող բախտորոշ իրադարձություններ:

Գագիկ Հարությունյանը դիմեց նաև դատավորներին.

«Բարձարագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու դեպքում ես և իմ գործընկերները անելու ենք ամեն հնարավորը՝ երաշխավորելու ձեր անկախությունը ու միաժամանակ համարժեք պատասխանատվությունն օրենքի առջև: Իրողությունն այն է, որ հանրային գիտակցության տեսանկյունից՝ արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն: Մտահոգիչ է համարվել նաև այն իրողությունը, որ ՄԻԵԴ-ը մեր եռաստիճան դատական համակարգի բարձրագույն օղակին համարել է մարդու իրավունքների պաշտպանության ոչ արդյունավետ ատյան, դա այն դեպքում, երբ Սահմանադրությամբ հենց այդ օղակը պետք է բացառի մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները»,- նշեց նա՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ում քննվող գործերից մեկով վճռաբեկ դատարանի վերաբերյալ կայացված որոշմանը:

ԱԺ պատգամավոր Արտակ Զեյանլյանի՝ դատավորների և դատարանների ներքին անկախության պահպանման հարցին անդրադառնալով,  ՍԴ նախագահը պատասխանեց. «Շատ լուծումներ հենց Սահմանադրության մեջ ամրագրված են: Դուք գիտեք, որ այս եռաստիճան համակարգում լուրջ խնդիրներ են առաջացել հենց գործառույթային խնդիրների հետ, մասնավորապես՝ վերաքննիչ- վճռաբեկ տարբեր օղակների միջև: Ձեզ քաջ հայտնի է, պարոն Զեյնալյան, Դուք 2 անգամ դիմել եք Սահմանադրական դատարան: Մենք ընդհանրապես այդ նոր հանգամանքների ինստիտուտը ճանաչեցինք հակասահմանադրական և 2013 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման մեջ ուսումնասիրելով 190-ից ավելի որոշումներ, նույն վճռաբեկ դատարանի մակարդակում, եկանք այն եզրակացությանը, որ այդ ինստիտուտը իսկապես արդյունավետ չի գործում»:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ավելի շատ կառուցակարգային անկախությանը և բարձրագույն դատական խորհուրդը ստեղծվում է հենց այդ խնդիրը լուծելու համար. «Այսօր ձևավորվում է մարմին, որն անկախ իշխանության բոլոր ճյուղերի ազդեցությունից պետք է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում այդ գործառույթը իրականացնի: Այսինքն, ստեղծվում է թե՛ գործառութային, թե կառուցակարգային անկախության բոլորովին նոր իրավական դաշտ»:

Եվգենյա Համբարձումյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել