Նորություններ

Ձևակերպեցի «Վարդավառի կանոնադրության նախագիծ», թե ինչ եղավ հետո՝ շատ անսպասելի էր․ Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը խոհարարական տաղանդով թեև աչքի չի ընկնում, սակայն «նոր կատակ-նախագծերի» վարպետ է դարձել։ Նա պատասխանել է Իրավաբան․net-ի ամանորյա հարցերին․

-Պարո՛ն Մելիքյան, ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։

-Առաջին հերթին՝ հարաբերական խաղաղությամբ և պետականության ակտիվ զարգացմամբ: Արցախում փետրվարին հանրաքվեով ընդունվեց նոր Սահմանադրություն, դրա հիման վրա սկսվեց վերանայվել ներպետական օրենսդրությունը, և այդ գործընթացի շրջանակներում մշակվեց և վերջերս ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» որակապես նոր օրենք:

Ինչ վերաբերում է Արցախի ՄԻՊ հաստատությանը, ապա ակտիվ ենք եղել թե՛ ներսում և թե՛ դրսում: Կցանկանայի հատուկ ընդգծել հայկական Սփյուռքի տարբեր կառույցների հետ խորացող համագործակցությունը:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

Եթե առանձնացնելու լինեմ իրավունքի ոլորտում աչքի ընկած մեկ մասնագետի, ապա կմատնանշեմ փաստաբան, իրավապաշտպան Արա Ղազարյանին: Կարծում եմ՝ նրա մասնագիտական, մարդկային կերպարը ենթակա է ընդօրինակման իրավաբանների երիտասարդ սերնդի կողմից:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի, կլինեն դրանք դատական գործեր, դատական կամ իրավական ակտեր:

-Վարդավառի օրը, որպես կատակ, 10-15 րոպեում ձևակերպեցի «Վարդավառի կանոնադրության նախագիծ» կոչվող՝ «օրենսդրական ոճով» գրված մի տեքստ ու հրապարակեցի սոցիալական ցանցում: Թե ինչ եղավ հետո, շատ անսպասելի էր: Այն կայծակնային արագությամբ տարածվեց, մարդիկ սկսեցին ակտիվորեն և լրջորեն քննարկել կանոնները, քննադատել, նույնիսկ մեղադրել ինձ, լրացումներ առաջարկել, կոնկրետ իրավիճակներում մոդելավորել ու գնահատել կանոնների կիրառության արդարացիությունը: Շատ զավեշտալի էր:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:

-Ինձ հաճելիորեն զարմացնում, ավելի ճիշտ՝ ուրախացնում է իրավական մշակույթի այն խորն ընկալումը, որը բազմաթիվ առիթներով նկատել եմ իրավաբանների մեր նոր սերնդի մոտ: Մեր պարտքն է օգնել նրանց մասնագիտական կայուն զարգացման ու ինքնադրսևորման հարցում:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Կնախընտրեի, որ Ձմեռ պապը շարունակեր մնալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:

Фото Ruben Melikyan.

-Ինչպե՞ս, ու՞մ հետ է նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

-Արցախում՝ ընտանիքիս հետ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Դժբախտաբար թե բարեբախտաբար, ձվածեղը ամանորյա ճաշացանկում տեղ չունի: Ուստի իմ խոհարարական հմտություններն այնքան էլ կիրառելի չեն:

-Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-2018 թվական ենք մտնում մեծ լավատեսությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի մասին Արցախի Հանրապետության նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված մեծածավալ աշխատանք ունենք կատարելու: Մեծածավալ աշխատանք ունենք կատարելու նաև Արցախում մարդու իրավունքների խնդիրները միջազգային իրավապաշտպան հանրության առջև պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ:

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած, բայց չստացած նվեր: 

-Ցավոք, չեմ հիշում: Ամեն դեպքում, այդ հանրային գործչի հետ շփումները որևէ բացասական նստվածք չեն թողել:

լուսանկարները՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Ալիսա Չիլինգարյան  

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել