«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Օնլայն մեդիայի նույնականացում ու թափանցիկություն – 2021» զեկույցը, որը «Հայաստանի մեդիայի թափանցիկություն – 2021թ.» հետազոտության մասն է։ Կենտրոնն այն իրականացրել է «Նոր մեդիա միջավայր –
նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության (EED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Զեկույցում ներկայացվել է, թե լսարանների առջեւ ինչպե՞ս է ներկայանում, նույնականացման ի՞նչ տվյալներ է հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով է հանդես գալիս օնլայն մեդիան։ Ուսումնասիրվել է 89 օնլայն ԶԼՄ-ների թափանցիկությունը։
«Մեկ տարի առաջ օնլայն ԶԼՄ-ների առաջնային թափանցիկության և նույնականացման մեր հետազոտության առանցքում էլ էին այս հարցերը։ Այն ժամանակ ուսումնասիրել էինք օնլայն ԶԼՄ-ների թողարկային տվյալների (հիմնադրման տարեթվի, ղեկավար անձի, հիմնադիր մարմնի մասին տեղեկատվության, խմբագրության հեռախոսի, էլհասցեի, ֆիզիկական հասցեի, էթիկայի կանոնների մասին տեղեկությունների) հանրայնացման առանձնահատկությունները, չափը։ Որպես հետազոտության առարկա էինք ընտրել 60 օնլայն լրատվամիջոցներ եւ ղեկավարվել էինք բացառապես նրանց պաշտոնական կայքերում ներկայացված վերը նշված թողարկային տվյալների առկայության/բացակայության չափանիշով։ Ու սահմանափակվել էինք այն ԶԼՄ-ներով, որոնք ամենօրյա ռեժիմով հասարակական-քաղաքական թեմայի լրատվություն ու այլ նյութեր էին առաջարկում իրենց լսարաններին»,-ասված է զեկույցում։
Նշվում է, որ ամենից փոքր խումբ են կազմում այն ԶԼՄ-ները, որոնք լսարաններին ներկայացնում են իրենց ներկորպորատիվ էթիկայի կանոնագրերը և հանրայնորեն տեղեկացնում են նման կանոններ ունենալու մասին։ Սա ընդամենը 5 լրատվամիջոցներից բաղկացած խումբ է Iravaban.net, Aravot.am, Hetq.am, Lragir.am, B24.am։
Պարտադիր ներկայացման ենթակա թողարկային տվյալներից ԶԼՄ-ների խմբագրի/այլ ղեկավար որեւէ անձի մասին տեղեկատվությունն, ըստ ոչ թափանցիկության, երկրորդ տեղում է։ Լրատվամիջոցների 72%-ը չի հայտնում իրենց խմբագրի/որեւէ այլ պատասխանատու անձի անունը։
Ոչ թափանցիկ տվյալների շարքի երրորդ տեղում մեդիա ծառայություն մատուցող հարթակների հիմնադիր մարմինների/անձանց մասին տվյալներն են։ Իրենց հիմնադիրների մասին որեւէ տեղեկատվություն ոչ կայքերում, ոչ էլ սոցցանցային էջերում չի ներկայացնում ԶԼՄ-ների 58%-ը։