Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:
Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց նոյմեբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ 25 տարի առաջ բարգութ Աստված Հայոց ազգին ցույց տվեց Իր սերը և Իր հոգատարութույնը՝ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն տալով բարի հոգատար, իմաստուն և քաջ հովիվ, ով կարողացավ մեր ազգի համար դժվարին, տագնապալի ու փոթորկալից ժամակներում անսասան պահել հայի ինքնության և փրկության տապան Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ դառնալով արժանի հաջորդը Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղեմեոս առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Հայրապետի»։
Առեն Եպիսկոպոսը, դիմելով ներկաներին, հրավիրեց ամենքին իրենց սրտագին աղոթքներն ու բարեմաղթանքները միախառնել համայն հայության աղոթքներին՝ հայցելով, որ Տերը քաջառողջ, երկար տարիներ և արդյունաշատ գահակալություն պարգևի Վեհափառ Հորն ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր նվիրապետական աթոռներով։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի: