ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։
Քրեական ոստիկանություն
▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։
▪ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ նոյեմբերի 1-ից լուծարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները։
▪ Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։
▪ Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
▪ Ծառայությունը համալրվել է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:
Համայնքային ոստիկանություն
▪ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվել են համայնքային ստորաբաժանումներ։
▪ Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ պայմանավորված՝ լուծարվել է Ճանապարհային ոստիկանությունը։
▪ Համայնքային ոստիկանները բոլոր ուղղություններով իրականացնելու են հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու գործառույթներ։
▪ Ծառայությանը վերապահված է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործառույթ:
▪ Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվել ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ մի շարք այլ լիազորություններ։