«Ըստ մեր տվյալների՝ գումարի մեծ մասը արտերկիր, նաև օֆշորային զոնաներ է տեղափոխվել». դատախազը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին

Հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 30-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ։

Պատասխանողի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, որ գործով մի անձից պահանջվում է նախկինում սպառած կամ ծախսած գույքը, մյուս անձից չի պահանջվում, որովհետև նա չունի 50 միլիոնը գերազանցող գույք։

«Դատարանը հնարավորություն ունի սահմանադրական մեկնաբանության շրջանակներում օրենքը մեկնաբանել այնպես, որ հակասահամանադրական իրավիճակ չառաջանա՝ կիրառելով նախատեսված ընթացակարգերը։ Այն դեպքում, երբ դատարանը կգտնի, որ օրենքի նման մեկնաբանությունը, ինչը մենք ենք ասում, չկա, խնդիր է առաջանալու ՍԴ դիմելու, ու այդ ժամանակ պետք է խնդրենք դատարանին մինչև որոշում կայացնելը հնարավորություն տա միջնորդություն ներկայացնել։ Ինչո՞ւ չենք մենք հիմա դիմում ՍԴ, քանի որ գտնում ենք՝ դատարանն ունի հնարավորություն՝ օրենքը Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու, Սահմանադրությամբ նախատեսված մարդու իրավունքներին վերաբերող նորմերը անմիջականորեն կիրառելով խտրականությունը բացառելու և դրա հիմքով համապատասխանաբար նախկինում ծախսված գույք, որը արդեն չկա, դրա հաշվին օրինական եկամուտների առաջադրված պահանջը համարել ոչ իրավաչափ․ սա է միջնորդության էությունը»,-ասաց Օրբելյանը։

Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով միջնորդության հիմքերից մեկին՝ ծանրացնող օրենքի հետադարձության ուժի արգելքին, նշեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը 2020 թվականի մայիսին ընդունելուց առաջ, եթե անձը ունեցել ապօրինի ծագում ունեցող գույք, տվել է այլ անձի, և դրա փոխարեն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատախազությունը պահանջում է անձից բռնագանձել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անձի մոտ օրինական գույքը, այդ դեպքում օրենքին տրվում է ծանրացնող հիմքով հետադարձ ուժ։

Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը հետևյալն է սահմանում․

  1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար։

Հովհաննիսյանը հետևյալը նշեց․ «Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ իրավահարաբերությունների արդյունքում, որ անձն ունեցել է ապօրինի գույք, հետո դա տվել է ուրիշին, իրավահարաբերությունները ծագել են, ավարտել են, դադարել են 2020 թ․ մայիսից առաջ, հետո ընդունում ենք օրենք 2020 թվականի մայիսին ուժի մեջ է մտնում, որի ուժով նախկին իրավահարաբերություններից ծագման, փոփոխման պատճառով, ու անձի օրինական գույքից բռնագանձում ենք պահանջում, ինչով նոր օրենքին տալիս ենք հետադարձության ուժ»։

Պատասխանողների ներկայացուցիչների պնդմամբ՝ արագացված դատաքննություն իրականացնելու համատեքստում դատարանը կարող է ուշադրության արժանացնել Սահմանադրության 73-րդ հոդվածը (1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով), որը վերաբերում է օրենքների հետադարձության ուժին, և այդ հիմքով էլ չկիրառի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, այլ ընդհակառակը՝ հայցի դիտի «անհիմն» և մերժի։

Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց, որ դատարանի կողմից օրենքի այդ հոդվածի կիրառման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո այն քննարկման առարկա դարձնել։

Նշվեց, որ ներկայացված միջնորդությունը չի վերաբերում հայցում առկա մյուս դրամական միջոցներին, այլ 10-րդ կետի 2-րդ մասով նշված 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամին, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, իսկ 465 մլն 628 հազար 637 դրամը քննարկման առարկա կդարձվի ապացուցման բեռի բաշխման շրջանակներում։

Դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ հղում է կատարվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածին, հարցրեց՝ կարելի՞ է արձանագրել, որ հայցադիմումի 10-րդ կետում նշված գումարային պահանջների մասով հետագայում անհրաժեշտություն չի առաջանալու վկաներ, փորձագետներ հարցաքննելու, ապացույցներ հետազոտելու համար։ Օրբելյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ պատասխանը դրական է, քանի որ նման պահանջը չպետք է դատարանում քննվի, և նույնիսկ, եթե այդ պահանջը ապացուցվի, չի կարող բավարարվել։

«Այս պահին, եթե արագացված դատաքննություն ենք կիրառում, դատարանը հնարավորություն ունի առանց փաստական հանգամանքների հաստատված կամ չհաստատված համարելու, ըստ էության, էս պահանջը մերժել, դա չի նշանակում, որ էս գումարի ծախսը մնացած պահանջները քննարկելու շրջանակներում չի քննարկվելու, նույնպես քննարկվելու է, որովհետև մնացած գույքերի օրինականությունն ու ապօրինությունը գնահատելու ծախսերը»,-նշեց նա։

Դատախազը պատասխանեց․ «Այս փուլում դուք ասում եք, որ ակնհայտ անհիմն ա, բայց հետագայում կարող եք դիրքորոշումը վերանայել, որովհետև եթե դատարանը այլ որոշում կայացնի, մենք մեր դիրքորոշումը կվերանայենք։ Եթե դուք ակնհայտ անհիմն լինելն եք վկայակոչում, դա ձեզ մոտ պետք է լինի սկզբունքային, դա պետք է մնա նաև հետագա պրոցեսներում»։

Փաստաբանը կրկին պնդեց՝ սկզբունքայնության խնդիր չկա, ու անկախ գումարի չափից՝ նախկինում սպառած գումարի բռնագանձման պահանջը դատարանը չի կարող քննության առարկա դարձնել։

Դատախազը հայտնեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հաշվի առնելով, որ գործը բազմադրվագ է, մեծածավալ է, ու առանց գործում առկա ապացույցների հետազոտման, դատարանը չի կարող հանգել այնպիսի հետևության, որ հայցն «ակնհայտ անհիմն է»․ նույնիսկ անհիմն  լինելու մասով պետք է ապացույցները հետազոտվեն։

«Նույնիսկ պատասխանող կողմն է միջնորդությամբ նշել, որ պետք է անպայման ապացույցները հետազոտվեն, միջնորդությունից մեջբերում անեմ՝ «ինչպես բխում է օրենքի տրամաբանությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումները դրամական պահանջների մասով բավարարման ենթակա են լինելու միայն այն դեպքում, երբ ապացուցվի պահանջի առարկա հանդիսացող ենթադրաբար ապօրինի համարվող դրամական միջոցների առկայությունը»։ Սրանով պայմանավորված՝ չի կարող արագացված դատաքննություն կիրառվել և ինչ-որ մի մասով առանձնացվել, մերժել ներկայացված հայցադիմումը»։

Ենքոյանի խոսքով՝ կողմը նույնիսկ չի տարանջատել, թե Պողոսյանն ինչ օրինական գույքեր ունի, որի հաշվին, օրինակ, կարող է տարածվել այդ 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամը․ «Ըստ մեր ուսումնասիրության տվյալների՝ այս գումարի մեծ մասը արտերկիր է տեղափոխվել, նաև օֆշորային զոնաներ, ես չգիտեմ՝ վերափոխվել է այլ գույքի, թե չէ, բայց, ամեն դեպքում, մենք գտել ենք, որ էդ եղանակով չի նույնականացվել, միայն երկրների անուններն են մեզ հայտնի»։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը ներկայացված միջնորդությունը մերժեց՝ մատնանշելով այս մասով օրենսդրական վերաբերելի կարգավորումները, նշելով, որ առկա չէ որևէ հիմք արագացված դատաքննություն կիրառելու համար, քանի որ դատարանը պետք է հստակ համոզված լինի, որ ներկայացված պահանջը իրավաչափ չէ։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին պատասխանող կողմը հանդես կգա օրենքի ևս մեկ կարգավորման սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ ՍԴ դիմելու միջնորդությամբ։

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել