Կարևոր իրազեկում հարկ վճարողներին. Կատարվել են փոփոխություններ

2015 թվականի հուլիսի 1–ից ուժի մեջ մտան մայիսի 30–ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները և լրացումները։

Ընդունված փոփոխության արդյունքում, շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկելու են հարկվող օբյեկտի նկատմամբ, այն է` առևտրային (առք ու վաճառք) գործունեությունից եկամուտների դեպքում նախկին 3,5 %-ի փոխարեն, նախատեսվել է 5 % դրույքաչափ։

Բացի այդ, օրենքում կատարված լրացման արդյունքում, ամրագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` անուղղակի հարկերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքների ձեռքբերման ծախսեր) 4 տոկոսը կազմող գումարի չափով:

Սահմանվել է նաև, որ եթե նախատեսված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 1.5 տոկոսից, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` 1 տոկոս դրույքաչափով: Սույն պարբերությանը համապատասխան` շրջանառության հարկի գումարից չնվազեցված մասը` սույն պարբերության պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

Ըստ կատարված փոփոխության հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` վերը նշված սահմանված դրույքաչափերով ու կարգով:

Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրվել է նոր խմբագրությամբ` հետևյալ կերպ. «Շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված ձեռքբերումները (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ապրանքների ձեռքբերման ծախսերի)` օրենքով սահմանված ընդհանուր կարգով»։

Իսկ Օրենքի 14-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ կերպ. «Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենքով սահմանված ապրանքների ձեռք բերման ծախսերի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով նվազեցումներն ավելի կատարելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով»։

Միևնույն ժամանակ նշենք, որ սահմանվել է նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով տուգանքի չկիրառման հիմքերը այն դեպքում, եթե կատարվող վերահաշվարկների արդյունքում՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը չի գերազանցում շրջանառության հարկ վճարողի կողմից այդ գործունեության մասով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը:

Հավելենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից և գործելուեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել