Խոշտանգումների դեմ միջոցառումները երբեմն ձեւական են. Օմբուդսմեն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարություն է տարածել` խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ: Հայտարարությունում ասվում է.

«Խոշտանգումների դեպքերի արդյունավետ կանխարգելումը եւ դրանց առավելագույն բացառումն ուղղակիորեն փոխկապակցված է խոշտանգումների մասին հաղորդումների արագ, օբյեկտիվ ու մանրակրկիտ քննության իրականացման եւ քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ: Սակայն, ցավոք, այս ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող միջոցները շատ դեպքերում բավարար չեն, իսկ երբեմն կրում են զուտ ձեւական բնույթ:

Խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներին իրավապահ մարմինները երբեմն համարժեք չեն արձագանքում՝ ընդհանրապես հրաժարվելով քննություն իրականացնելուց: Իսկ այն դեպքերում, երբ քննություն է իրականացվում, հաճախ այն լինում է մակերեսային եւ կողմնակալ:

Օմբուդսմենի տարեկան վերջին զեկույցում հատուկ նշվել է ազատությունից զրկված անձանց վնասվածքների դեպքերի քննության լուրջ թերությունների մասին: Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրեր, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներ ընդունված մի շարք անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն հետագայում դրանց կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է կամ քրեական գործը՝ կարճվել: Որպես կանոն, գործերի չհարուցման կամ դրանց կարճման հիմքում դրվել են հենց ձերբակալված եւ կալանավորված անձանց պնդումները, որ իրենք վնասվածքները ստացել են սայթաքելու կամ ընկնելու հետեւանքով: Սակայն այդ պնդումների հավաստիության մեջ համոզվելու ուղղությամբ անհրաժեշտ այլ գործողություններ չեն իրականացվել:

Միայն պաշտոնատար անձանց անպատժելիության զգացումը բացառելու եւ պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել խոշտանգումների դեմ պայքարի գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել