Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում նրա նկատմամբ սանկիցա է կիրառել և հեռացրել նիստերի դահլիճից։
Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Դավիթ Հարությունյանը։
«Միջնորդեցի, որ նիստը գոնե մեկ օրով հետաձգեն, որպեսզի փաստաբանները գան, հնարավորություն ունենան մասնակցելու, ես էլ իմ վարույթում գտնվող կալանավորման կամ տնային կալանքի հարցը քննարկեի, վերջացնեի, իհարկե չհետաձգվեց։
Հարցերի փուլում էինք գտնվում, նախորդ նիստից հետո, երբ փաստաբան Երեմ Սարգսյանի հարցերից հետո նախ Կարեն Անդրեասյանն ընդմիջում հայտարարեց 15 րոպեով, հետո համակարգիչը բոլորիս համար անակնկալ փչացավ՝ ձայնագրող սարքը։ Պահանջեցինք, որպեսզի այդ կրիչը տրամադրվի, նույնիսկ մինչև հիմա չտրամադրվեց, ասվեց՝ թեև ձայնագրությունները վերականգնված են։ Ասացի՝ գոնե մեկ այլ փաստաբանի հնարավորություն տան, ով գործադուլին չի մասնակցում, առնվազն տեխնիկապես դժվար էր ինքնուրույն իրականացնել շահերի պաշտպանությունը»,-ասաց Հարությունյանը։
Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ն այդ միջնորդությունը ևս մերժել է։ Հարցերի փուլում՝ երբ հարցեր է ուղղել Դավիթ Հարությունյանը՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը շատ հարցերի չի պատասխնել՝ նշելով, թե դրանք ըստ էության կապված չեն։
«Իսկ հարցադրումները մասնավորապես այս վարույթի առանցքային մասնակիցների՝ ԲԴԽ նախագահի և Գրիգոր Մինասյանի հարաբերություններին էր վերաբերում ֆինանսական, որոնք առերևույթ վարույթի օրինականության հետ կապ ունեին։ Մասնավորապես նշեմ, որ ներկայացված ապացույցներով իրենց իսկ կողմից ստորագրված փաստաթղթերով հաստատված է, փաստարկված է ու նույնիսկ նախարարության ներկայացուցիչներն էլ չեն կարող հերքել, որ վերջիններիս միջև առկա է ֆինանսական կապ։ Այսինքն բացարկի ենթակա անձիք են, ինչն էլ ենթադրում է, որ նրանք չեն կարող շարունակել իրականացնել միևնույն վարույթում դատավարական գործառույթներ»,-մանրամասնեց Դավիթ Հարությունյանը։
Դատավորը նշեց, որ նույնիսկ, եթե բուն հարցերին պատասխանելու հնարավորություն չի տրվել՝ Կարեն Անդրեասյանի ուղղորդմամբ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հրաժարվում է ընդհանրապես որևէ հարցի պատասխանել, իսկ հարցերը բազմաթիվ էին։ Մերժվել է նաև փաստաթղթերի ընդունումը։
«Վերջում արձանագրեց, որ անցնում են ԲԴԽ անդամների կողմից հարցեր տալու հերթին՝ իր կողմից սահմանած հերթականությամբ։ Արձանագրությամբ հանդես եկա, որ թույլ տան փաստաբանները ներկա գտնվեն, իմ հարցերը շարունակեմ, շրջանակ սահմանեն, նույնիսկ իր ճաշակով, թե ինչ հարցեր է ցանկանում կամ ենթադրում, որ կարելի է տալ, սակայն վերջիններս հեռացա խորհրդակցական սենյակ՝ քննարկելու իմ վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու հարցը՝ ասելով, որ ես միջամտում եմ ընթացքին։ Ըստ իր տպավորության ես չարաշահում էի իմ դատավարական լիազորությունները, երևի թե անբարեխիղճ եմ իրականացրել։ Այս պայմաններում հեռացան խորհրդակցական սենյակ։
Նշեմ, որ մինչ այդ էլ չէր թույlատրվում ԲԴԽ հատկապես դատավոր անդամներին որևէ հարց տալ ինձ, որևէ առաջարկություն ներկայացնելու դեպքում էլ դրանք հանում էր, ինչպես անում էր նախորդ դատական նիստերում՝ նշելով, որ նրանք ինքնուրույն չեն, միգուցե լեզվական սայթաքում լիներ, բայց ի ցույց էր դրվում, որ նրանց հարցերը, առաջարկությունները հանում է և ինքը նշում է, որ ինքը որոշումները կայացնում է և եթե որևէ մեկը համաձայն չէ դրանց հետ՝ ապա նոր կարող են կարծիք հայտնել»,-ասաց նա։
Այնուհետև ԲԴԽ անդամները գնացել են խորհրդակցական սենյակ, վերադարձել են՝ նշել, որ դատական սանկցիա է կիրառվել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրեն հայտնել են՝ եթե ընդունի իր արարքի հակաիրավականությունը և կզղջա՝ «երևի թե ասաց՝ կվերանայի դատական սանկցիան»։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ որևէ որոշում ԲԴԽ կողմից չի պատճառաբանվել։
«Անդրեասյանը հարցրեց՝ արդյո՞ք հարգում եմ իրեն կամ նման ինչ-որ հարց տվեց, ես ասացի, որ ԲԴԽ-ի ինստիտուտի նկատմամբ ունեմ հարգանք, նա ասաց՝ դու ինձ չես հարգում, նմանատիպ խոսքեր, ու կրկին հեռացան երևի խորհրդակցական սենյակ։ Ես ենթադրում էի՝ վերանայելու։ Ասացի՝ թույլ տվեք շարունակեմ, իհարկե չլսեցին, քանի որ Անդրեասյանը վեր կացավ գնաց, նրա հետևից խորհուրդը հեռացավ, հետո կարգադրիչներն եկան, նշեցին, որ կա ԲԴԽ նախագահի հրաման, որպեսզի ինձ հեռացնեն դատական նիստերի դահլիճից»,-ներկայացրեց դատավորը։ Նա խնդրել է, որ թույլ տան դատական նիստերի արձանագրությունը լսի, տեսնի՝ արդյո՞ք այդ որոշումը արձնագարվել էր կամ իր հայտարարությունից հետո վերանայվե՞լ է դատական սանկցիան, թե ոչ։
Ընթացքը տևեց 5-10 րոպե, ես դուրս եկա միջանցք, հետո ուզում էի վերադառնալ, արդեն դռները փակ էին, իմ գույքը՝ տեխնիկական միջոցները գտնվում էին դատական նիստերի դահլիճում․ ինչպես պարզվեց դատական նիստը շարունակվում է»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Կարեն Անդրեասյանն իր մղումները չի էլ թաքցնում։
Լրագրողների հետ զրույցը ընդմիջեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Այնուհետև որոշեցին մտնել ԲԴԽ շենք՝ դատական նիստերի դահլիճ գնալու համար։
«Քանի որ մեր վստահորդին անօրինական կարգով հեռացրել են և թույլ էլ չեն տվել, որ հարցեր տա՝ հիմա առանց իրեն և առանց իր ներկայացուցիչների շարունակում են, ինչը խայտառակ և կոպտագույն խախտումներ են։ Հիմա ես և Միքայել Շխիմյանը կփորձենք մտնել ներս, տեսնել, թե ինչքանով հնարավորություն կտան, որ մենք մասնակցենք։ Կասկածներ կան, որ կարող է նույնիսկ թույլ չտան բարձրանանք վերև»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Կարգադրիչները հենց մուտքի մոտ ասացին, որ նիստն ավարտվել է, հստակ չեն կարող ասել նիստն ավարտվել է առհասարակ, թե հետաձգվել է։
«Եթե նիստը վաղը շարունակվի՝ մենք բնականաբար մասնակցելու ենք։ Մենք նախապես տեղեկացրել էինք՝ մինչև նիստը նշանակելը, որ ՀՀ-ում Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ և փաստաբանների մեծամասնության համերաշխությամբ ամսի 26-ին գործադուլ է հայտարարվել, խնդրել էինք՝ միայն այս օրը չնշանակել։ Ավելին՝ իրենք ամեն հաջորդ օրը նիստ էին նշանակում, եզակի՝ մեկ օր ընդմիջումներով, մենք բոլորս, ըստ էության, ունեինք նախապես նշանակված դատական նիստեր, բայց ոչ մի նիստի չէին գնում, գալիս էինք այստեղ, որպեսզի հանկարծ մեր պատճառով խնդիր չլինի, բայց այսօր, փաստորեն, որևէ կերպ չհարգվեց մեր միջնորդությունները՝ դատական նիստի հետաձգման։ Պարոն Հարությունյանին ընդհնարպես զրկել են հարցեր տալու իրավունքից՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, որից հետո նա, երբ նա պահանջել է իրավունքների իրականացման հնարավորություն ապահովել՝ գնացել են խորհրդակցական սենյակ և վերադարձել են, սանկցիա են կիրառել՝ վարույթից հեռացնելու վերաբերյալ՝ առանց նշել՝ քանի ժամ և այլն։ Սա երևի թե տևել է 10 րոպե, հիմա մենք ուզում էինք մտնել, ասացին՝ դատական նիստն ավարտվել է ու մեզ որևէ տեղեկություն չեն հայտնում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ամեն կերպ փորձել են ազատվել Դավիթ Հարությունյանի ու նրա ներկայացուցիչների ներկայությունից և երբ նրան հեռացրել են դատական նիստերի դահլիճից՝ պարտավոր էին, որ նրա ներկայացուցիչներից որևէ մեկը ներկա լիներ և մասնակցեր նիստին։
«Տեղեկություն ունենք, որ նիստը, ըստ էության, ամբողջությամբ ավարտվել է և հրապարակման օր է նշանակվել հուլիսի 3-ը։ Այստեղ մի շատ կարևոր նկատառում կա, որ Դավիթ Հարությունյանի դուրս գալուց հետո երևի թե 10 րոպեում իրենք ավարտեցին, սա ինչ է նշանակում, որ իրենք ամեն ինչ արեցին, որ նույնիսկ փաստաբանները վերև չբարձրանան։ Ամսի 3-ի հետ կապված մի շատ կարևոր զուգադիպություն կա, այդ օրը պարոն Հարությունյանի ծննդյան օրն է, և եթե այլ պարագայում կարելի էր ասել, որ սա զուգադիպություն է, բայց ԲԴԽ-ի նման վարքագծի պարագայում կարելի է ասել, որ հենց դիտավորյալ այդ օրն են ուզում հրապարակել, երևի նվեր են ուզում մատուցել պարոն Հարությունյանին»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: