Սականդալային օֆշորի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ընդունվել է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ:
Գործով ամբաստնյալ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 190 -րդ հոդվածի, 3 –րդ մասի 1-ին կետի , 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 205-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով:
Գործով տուժողներ են հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը, նրա որդին` Վարդան Հայրապետյանը, Շալիկո Փիրուզյանը:
Դատական առաջին նիստը նշանակվել է հունիսի 24-ին:
Հիշեցնենք, որ 2009 թվականին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մոտ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկային ծրագիրը: Նշվել էր, որ 500 միլիոնից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքի՝ ադամանդի հումքի տեսքով և վարկի մարումն էլ պետք է իրականցվեր արդեն իսկ մշակված ադամանդի տեսքով:
Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը՝ «Ամերիաբանկից» մոտ 12 մլն դոլար վարկ ստանալու և դրանով աֆրիկյան Սիերա Լիոնե հանրապետությունից ավելի էժան գնով ադամանդի հումք ներկրելու նպատակով: «Ամերիաբանկը» մոտ 10 միլիոն դոլար է տվել Աշոտ Սուքիասյանին պատկանող ՍՊԸ-ին և չի հետևել, թե արդյոք կատարվում են վարկային պարտավորությունները: Իվերջո, վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը սկսել է իրացնել Փայլակ Հայրապետյանի կողմից գրավադրված գույքը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: