24-ամյա Շուշան Դավթյանը մեղադրվում է ընկերհուն դաժան ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա 2014 թվականի մայիսի 8-ին ժամը 4-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ վիճաբանել է իր ընկերուհի Ա.Տ-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:
Ծեծի հետևանքով տուժողը ստացել է գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմայի` աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք` անցումով գանգի հիմք` միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում, ձախից ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում:
Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: