Ոչ մի ՀԿ հայտ չի ներկայացրել՝ ընդգրկվելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում

Ոչ մի հասարակական կազմակերպություն այդպես էլ հայտ չի ներկայացրել՝ մասնակցելու նորաստեղծ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդրկվելու մրցույթին: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեցին ՀՀ կառավարությունից:

Մրցույթին մասնակցելու վերաբերյալ հայտարարության մեջ նաև նշվում էր, որ հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով: ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանից, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է, ճշտեցինք, թե արդյոք դիմումներ եղել են այս ձևաչափով, նա պատասխանեց, որ որևէ հայտ նման կերպ չի փոխանցվել ՀՀ կառավարություն:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ապրիլի 28-ից հայտարարված մրցույթը որևէ արդյունք չունեցավ: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ