Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1 հասցեով կամ ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից:
Ըստ աղբյուրի` հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա գործունեության փորձ, որոնց կանոնադրության մեջ կոռուպցիայի դեմ պայքարը նշված է որպես գործունեության ուղղություն, ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ, կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն 5 ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր: Հասարակական կազմակերպությունները հայտին կից պետք է ներկայացնեն այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերը նշված չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
Հայտերն ընդունվում են ընթացիկ տարվա ապրիլի 29-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ՝ աշխատանքային ժամերին:
Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ (010) 51-59-74, [email protected]:
Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում: