«Մեր դիրքորոշումը մնում է նույնը»,- Իրավաբան.net-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը չի՞ փոխել իր դիրքորոշումն ու ինչպես նախկինում այնպես էլ հիմա՝ հակակոռուպցիոն խորհրդի կազմում ընդգրկվելու փոխարեն նախընտրո՞ւմ է դիտորդի կարգավիճակում մնալ, ասաց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Երեկ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով սկիզբ դրվեց ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների մրցույթին. «Մենք չենք դիմելու մրցույթին, եթե ասել ենք՝ դիտորդի կարգավիճակով, ուրեմն մնում է նույնը մեր մոտեցումը, այն չի փոխվել»,- ասաց պարոն Հոկտանյանը:
Նշենք, որ մրցույթին հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա գործունեության փորձ, որոնց կանոնադրության մեջ կոռուպցիայի դեմ պայքարը նշված է որպես գործունեության ուղղություն, ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ, կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն 5 ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր:
Հավելենք` խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ: