ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, որը ստեղծվեց մարտի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ ՀՀ Կառավարության կողմից վերջերս ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին: Հայտարարության մեջ ասվում է.
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը,
Վկայակոչելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCAC), որի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի կոռուպցիայի կանխարգելում իրականացնող մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում՝ մարմինների ձևավորում: Եվ ինչպես հստակեցնում է նույն հոդվածի 2-րդ մասի դրույթը, յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, նշված մարմնին կամ մարմիններին պետք է օժտի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի տվյալ մարմինը կամ մարմինները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել արդյունավետ և զերծ անհարկի ազդեցությունից:
Վերհիշելով Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությունը (2012թ. նոյեմբերի 27), որով երաշխավորվում են հիմնարար սկզբունքներ՝ նպատակաուղղված հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև Կուալա Լումպուրի հայտարարությունը (2013թ. հոկտեմբերի 22), որը հաստատում է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն նախագծման ու բովանդակության, հակակոռուպցիոն դիտորդման և գնահատման հիմնարար սկզբունքները.
Հայտնում ենք մեր մտահոգությունը ՀՀ Կառավարության կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին անհամապատասխանության մասին:
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը.
Միավորել ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների ներուժը Հայաստանի Հանրապետությունում Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին համապատասխան Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմին ստեղծելու ուղությամբ:
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինք
2015թ. մարտի 06
Ք. Երևան