«Գազի տեսուչի» անվան տակ մուտք է գործել տուն և փորձել ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «գազի տեսուչի» անվան տակ տուն մուտք գործելու և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Մայիսի 7-ին՝ ժամը 11:55-ին, Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել, որ գազի տեսուչի անվան տակ զենքով մարդ է մտել իրենց տուն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. տանտիրուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենագրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել