Երեկ ուշ երեկոյան ոոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը` ոստիկանին վիրավորելու համար: Կազմվել է արձանագրություն: Բաժնում շուրջ երեք ժամ մնալուց հետո Գայանե Առուստամյանն ազատ է արձակվել: Իրավաբան.net-ի հետ զրույցում Գայանե Առուստամյանը հայտնեց, որ իրեն վատ է զգում երեկվա կատարվածից հետո և խոսել չի կարող:
Իսկ նրա շահերը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտնեց, որ երեկ ոստիկանությունում Գայանեի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ այսօր արդեն իսկ հաղորդում են ներկայացրել: Այսօր Գայանեն բժշկական զննության է գնացել, արձանագրվել են մարմնի վրա եղած կապտուկները, նաև հոգեական տագնապային վիճակը:
Ա. Սաքունցի խոսքով, Գայանեի հոգեական հուզված վիճակի պատճառով հնարավոր չի եղել բավարար արյուն վերցնել` անալիզի համար, սակայն նույնիսկ փոքր քանակի դեպքում բժիշկներն ասել են, որ անհանգստացնող տարրեր կան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` վաղը ժամը 9:30-ին:
Նշենք նաև, որ Գայանե Առուստամյանը ոստիկանների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը սուլել է բարձր, իսկ նա ասել է. «Ինչու՞ ես սուլում, այ էշ»:
Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի