ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակիչը, հինգշաբթի օրը, դանակով մահացու վիրավորում է հասցրել կնոջը: Բանն այն է, որ 37 ամյա Ջոն Լեո Դեյվիսն, ապտակել է իր զավակներից մեկին՝ վիդեո խաղեր խաղալու համար, իսկ կինը՝ 35-ամյա Միշել Դեյվիսը, պաշտպանել է որդուն, ինչի պատճառով էլ ամուսինը դանակահարել է կնոջը: Այս մասին հայտնում է ամերիկյան The Huffington Post-ը:
Ըստ ոստիկանության` երեխաներն ականատես են եղել կատարվածին: Երեխաներից մեկը զանգահարել է փրկարար ծառայության հեռախոսահամարին և օգնություն խնդրել:
Շփոթված ամուսինը նույնպես դիմել է փրկարար ծառայությանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ պահին կորցրել է իրեն և դանակահարել կնոջը:
Երեխաներից մեկը, հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հայրն իրեն ապտակել է վիդեո խաղեր խաղալու համար: Տղան այդ մասին պատմել է մորը, որից հետո ամուսինների միջև վիճաբանություն է սկսվել: Երեխաները տեսել են, թե ինչպես է հայրը դանակը ձեռքին վազում կնոջ ետևից: Ոստիկանները կնոջ արնաշաղախ դին հայտնաբերել են շքամուտքի մոտ: Կնոջ մարմնի վրա դանակի 13 հարվածի հետք է հայտնաբերվել: Երեխաներից և ոչ մեկ չի տուժել: Նրանք գտնվում են հարազատների խնամակալության տակ:
Ամուսինը ձերբակալվել է առաջին աստիճանի սպանություն գործելու մեղադրանքով: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, Ջոն Լեո Դեյվիսը նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է ընտանեկան բռնության համար:
Լիլիթ Գասպարյան