Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդում են ՀՀ ՏԿ ԱԻՆ-ից:
Աղբյուրը փոխանցում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Տվյալ պահին իրականացվում է տարհանում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Իրավաբան.net կայքի թղթակիցը քիչ առաջ ահազանգի վայրում է եղել: ՏԿ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության գնդապետ Արման Ցոլակյանի նրան փոխանցել է, որ 13:07-ին տվյալ մասնաշենքում դասերը դադարեցվել են, բոլոր ուսանողները և դասախոսները տարհանվել են շենքից: ԱԻՆ-ի սակրավորների խումբը, փրկարարները ՀՀ ոստիկանների հետ համատեղ կատարել են որոնողական աշխատանքներ:
Այն հարցին, թե կարիք չկա՞ դադարեցնել այլ մասնաշենքերի դասերը գնդապետը պատասխանել է, որ` ոչ, նախ ահազանգը եղել է, որ ռումբը նկուղում է, և հետո` համալսարանի պատերը ամուր են:
Երկու ժամից ավելի որոնողական աշխատանքները քիչ առաջ ավարտվել են, մեր թղթակցին հաղորդել են, որ ահազանգը կեղծ է եղել, դասերն այս պահին վերսկսվել են բնականոն հունով: