Փաստաբանին պախարակող արտահայտությունները որոշ անձնանց ուղղորդմամբ են եղել

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, այնուհետև ներս են մտեծ մարզի դատախազի աշխատասենյակ: Բողոքի ակցիայի ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը` սպանված Հասմիկ Ավետիսյանի քույր Ռիտան հայտնել էր, թե իրենց շահերը պաշտպանող փաստաբան Երեմ Սարգսյանն իմանալով իրենց բողոքի ակցիայի մասին, իրենց կողքին չի կանգնել, թե դժգոհ է նրա աշխատանքից ու ցանկանում է այլ փաստաբանի ներգրավվել այս գործով:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի մասին ինքը տեղյակ չի եղել, իսկ եթե տեղեկացվեր, ապա իր վստահորդների հետ կքննարկեին հարցը, թե որքանով է նպատակահարմար կարող է լինել իր ներկայությունն այնտեղ. «Քաջ հայտնի է, որ Շիրակի մարզի դատախազը այս գործով  որևէ իրավասացություն չունի, հետևաբար, նրանց այնտեղ գնալը որևէ էական նշանակություն ունենալ չէր կարող»:

Իսկ ինչ վերաբերում է իր աշխատանքից դժգոհելուն, ապա Ե. Սարգսյանն ասաց, որ երեկ կապվել է իր մյուս երեք վստահորդների հետ, ովքեր հայտնել են, թե լիովին վստահում են իրեն և շարունակելու են իր հետ աշխատել, իսկ ինչ վերաբերում է տիկին Ռիտային, ապա նրա հետ համագործակցելու հարցը կքննվի առաջիկայում:

«Նշեմ, որ Գյումրի իմ այցի ժամանակ մենք  քննարկել ենք,  փոխադարձ համաձայնության ենք եկել, որ այս գործով նաև այլ փաստաբաններ ներգրավված լինեն, որպեսզի յուրքանչյուրն իր հերթին կարողանա նպաստել գործի քննությանը: Սա մեր ընթացիկ գործերից մեկը չէ, կամավոր հիմունքներով անցկացվող գործ է, և ես միայն կողջունեմ,  եթե այլ փաստաբաններ էլ աջակցեն այս աշխատանքներին»,- ասաց Ե. Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով, իր շահերից չբխող հայտարարությունները երեկ արվել են որոշ անձնանց ուղղորդմամբ. «Թե ովքեր են նրանք, դեռ չեմ կարող ասել: Փորձում են էմոցիոնալ ֆոն ստեղծել, որ նախկին քննիչ եմ, «Հարսնաքար»-ի գործով պաշտպան եմ եղել, այլ հակափաստարակներ չունեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել