Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, այնուհետև ներս են մտեծ մարզի դատախազի աշխատասենյակ: Բողոքի ակցիայի ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը` սպանված Հասմիկ Ավետիսյանի քույր Ռիտան հայտնել էր, թե իրենց շահերը պաշտպանող փաստաբան Երեմ Սարգսյանն իմանալով իրենց բողոքի ակցիայի մասին, իրենց կողքին չի կանգնել, թե դժգոհ է նրա աշխատանքից ու ցանկանում է այլ փաստաբանի ներգրավվել այս գործով:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի մասին ինքը տեղյակ չի եղել, իսկ եթե տեղեկացվեր, ապա իր վստահորդների հետ կքննարկեին հարցը, թե որքանով է նպատակահարմար կարող է լինել իր ներկայությունն այնտեղ. «Քաջ հայտնի է, որ Շիրակի մարզի դատախազը այս գործով որևէ իրավասացություն չունի, հետևաբար, նրանց այնտեղ գնալը որևէ էական նշանակություն ունենալ չէր կարող»:
Իսկ ինչ վերաբերում է իր աշխատանքից դժգոհելուն, ապա Ե. Սարգսյանն ասաց, որ երեկ կապվել է իր մյուս երեք վստահորդների հետ, ովքեր հայտնել են, թե լիովին վստահում են իրեն և շարունակելու են իր հետ աշխատել, իսկ ինչ վերաբերում է տիկին Ռիտային, ապա նրա հետ համագործակցելու հարցը կքննվի առաջիկայում:
«Նշեմ, որ Գյումրի իմ այցի ժամանակ մենք քննարկել ենք, փոխադարձ համաձայնության ենք եկել, որ այս գործով նաև այլ փաստաբաններ ներգրավված լինեն, որպեսզի յուրքանչյուրն իր հերթին կարողանա նպաստել գործի քննությանը: Սա մեր ընթացիկ գործերից մեկը չէ, կամավոր հիմունքներով անցկացվող գործ է, և ես միայն կողջունեմ, եթե այլ փաստաբաններ էլ աջակցեն այս աշխատանքներին»,- ասաց Ե. Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով, իր շահերից չբխող հայտարարությունները երեկ արվել են որոշ անձնանց ուղղորդմամբ. «Թե ովքեր են նրանք, դեռ չեմ կարող ասել: Փորձում են էմոցիոնալ ֆոն ստեղծել, որ նախկին քննիչ եմ, «Հարսնաքար»-ի գործով պաշտպան եմ եղել, այլ հակափաստարակներ չունեն»: