ՄԻԺԻ-ին վերլուծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը ու միջոցառումների ծրագիրը

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը պատրաստել է զեկույց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունների արդյունավետության գնահատման վերաբերյալ:

ՄԻԺԻ-ից տեղեկացնում են, որ զեկույցում վերլուծված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Զեկույցում ասվում է, որ ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը մասնակցել են մի շարք ՀԿ-ներ, որոնց առաջարկությունների մի մասն ընդունվել է ամբողջությամբ, մի մասը՝ մասամբ, իսկ մի մասն էլ մերժվել է. «Սա չի նշանակում, որ հանրությունը կարողացել է լիարժեք մասնակցել այս քննարկումներին և կամ հանրության տարբեր շերտերի հնարավորություն է տրվել իրենց ձայնը լսելի դարձնել: Ծրագրի իրականացման ներկա փուլում քաղաքացիական հասարակության որևէ ներկայացուցիչ չի մասնակցում ընդհանուր համակարգման, գնահատման և մոնիտորինգի (մշտադիտարկման) աշխատանքներին. այս աշխատանքներն ամբողջությամբ տնօրինվում են պետական վարչակազմի կողմից»,- կարդում ենք փաստաթղթում:

ՄԻԺԻ-ն իր զեկույցում նաև մի շարք բացթողումներ է արձանագրել է` շեշտելով, որ ռազմավարության լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու համար հարկավոր է գործողությունների ծրագրին ավելացնել դրանք և համապատասխանեցնել դրանք ռազմավարությանը:

Կազմակերպությունը նաև գտնում է, որ միջոցառումների ծրագիրը պետք է ներառի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտները. «Ֆորմալ կրթության համակարգում պետք է ավելանան մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիք ստանալու հնարավորությունները. դրանք ոչ միայն ուսուցանվող առարկաներն են ու համապատասխան դասաժամերը կամ խմբակները, այլև կրթության անցկացման և կառավարման ժողովրդավարական գործընթացի և մարդու իրավունքներից բխող վարքագծերի ձևավորումն ու կենսագործումը: Մարդու իրավունքներից բխող պետական կառավարման չափորոշիչների մշակումը վերաբերվում է նաև ողջ ֆորմալ կրթական համակարգի կառավարմանը»,- ասված է զեկույցում:

Բացի այդ, զեկույցի միջոցով ՄԻԺԻ-ն առաջարկում է մարդու իրավունքներն օգտագործել որպես հիմնական չափորոշիչ և սկզբունք պետական բոլոր քաղաքականությունների, ծրագրերի և որոշումների ընդունման և իրագործման ժամանակ, ստեղծել նոր և այլընտրանքային մեխանիզմների ստեղծում, կարողությունների բարձրացում, որոնք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանությանը և զարգացմանը, ինչպես նաև ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը ռազմավարության և ծրագրի իրականացմանը, գնահատմանը և մոնիտորինգին:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել