Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգի հաստատումից հետո շրջանառությունից հանվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է կանխել 2012 թ. դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով առաջարկվող լրացումների բացասական ազդեցությունը ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում:
Հանձնաժողովի անդամների կողմից ոչ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծը ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Լուսանկարը՝ parliament.am-ի: