Սահմանադրության «ճեղքերը» հաճախ լցվում են որոշ մարդկանց հայեցողություններով. Գագիկ Հարությունյան

Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Արմավիրում ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունման ժամանակ շատ երկրներ ընտրում են «մոդելային սահմանադրությունը», որն այլ երկրների սահմանադրությունների իմպլեմենտացիան է: «Այն վտանգավոր է, քանի որ չի արտացոլում այդ երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, արժեհամակարգը, մտածելակերպը: Սահմանադրությունն առաջին հերթին պետք է ապահովի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»,- ասել է Հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ օրենքի գերակայությունն աստիճանաբար կարող է մարդուն դնել սահմանադրության լուսանցքում, որովհետև այդպիսով բարձրանում է պետության օրենքների նշանակությունը` ստվերելով մարդու իրավունքները:

Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, 2005թ-ի Սահմանադրությամբ հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժեր ապահովել, սակայն մարդու իրավունքների առումով այն չապահովեց համապատասխան լուծումներ: «Ինչպե՞ս պետք է կարողանան մարդու իրավունքները իրացվել, ինչպե՞ս պետք է ապահովվի դրանց իրականացումը. այս հարցերը գործող Սահմանադրությամբ մնում են բաց: Այսօր բոլորն էլ ցանկանում են ունենալ արդար ու անկախ դատական համակարգ, ամուր հիմքերով մարդու իրավունքների ինստիտուցիոնալ համակարգ, դրա համար իշխանությունը պետք է իրապես սահմանափակվի մարդու իրավունքներով: Ես ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ իմ երեխան կախված չէ չինովնիկի հայեցողությունից, որտեղ Սահմանադրությունը հստակ սահման է դնում իշխանության գործունեության նկատմամբ»,- նշել է Հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա՝ գործող Սահմանադրությում առկա են, այսպես ասած, ճեղքեր, որոնք հաճախ լցվում են որոշ մարդկանց հայեցողություններով:

Վերջիններիս սահմանները պետք է լինեն որոշակի, օրենքները` հստակ: «Սահմանադրությամբ իրավական որոշակիությունը պետք է գերակայի, որպեսզի հայեցողական մոտեցումների հնարավորությունը բացառվի: Մարդիկ զբաղեցնում են պաշտոններ և սկսում լուծել սեփական սոցիալական խնդիրները, տեղի է ունենում քաղաքական, տնտեսական և վարչական սերտաճում, զսպումների և հակակշիռների մեխանիզմը սկսում է չաշխատել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմքը սխալ ենք դրել, այս երևույթը պետք է արմատախիլ արվի հենց Սահմանադրության դրույթներով»,- ընդգծել է Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հանրային իրավական պատասխանատվության հարցին` Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ ինստիտուտն իրավական պետությունում ունի իմպերատիվ նշանակություն: Որքան շատ է իրավական անորոշությունը, այնքան սուբյեկտիվ կամքի արտահայտման հնարավորությունը մեծանում է:  Ըստ նրա՝ գործող Սահմանադրությամբ չկա հստակություն սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների միջև, և եթե դրանց լուծումները չտրվեն այսօր, ապա մեր սերունդները կկանգնեն բարդ իրավիճակի առջև:

Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխման անհրաժեշտությանը՝ Գագիկ Հարությունյանը նշել է ԱՄՆ օրինակը, որտեղ նախագահը միայնակ չի կարող որոշումներ կայացնել, քանի որ այդ երկրում ստեղծվել է կառավարման ամուր համակարգ:  «Մենք պետք է ընդունենք այնպիսի Սահմանադրություն, որը կապահովի մեր երկրի կայուն դինամիկ զարգացումը: Մենք պետք է իմաստավորենք մեր գոյը, դարձնենք այն արժեհամակարգ և դնենք Սահմանադրության հիմքում»,-ասել է Հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով, որ պետք է սահմանենք իշխանության որոշակի վարքականոն, որն ուղղված կլինի դեպի մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա Գավառ քաղաքում, հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել