«Եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել պարտադիր կուտակային բաղադրիչը, ուրեմն այն չի կարող գործել որոշման հրապարակման պահից ի վեր: Աշխատողների գումարները միանշանակ չեն պահվի»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:
Ըստ նրա՝ ստեղծված տարակարծություններն առաջացել են այն պատճառով, որ որոշման մեջ նշվում է, թե Կառավարությունը կարող է մինչև սետեմբերի 30-ը ներկայացնել նոր փաթեթ, սակայն այնպիսի կարգավորումներով, որոնք կլինեն ՍԴ-ի արտահայտած դիրքորոշումների շրջանակում:
Մասնագետի խոսքով՝ այն, թե պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրական է, բառացի մեկնաբանություն է՝ առանց հաշվի առնելու կոնտեքստը և կապ չունի բովանդակային մասի հետ. «ՍԴ-ն հստակ նշեց, որ պարտադիր համակարգը հակասահմանդրական է: Նշված ժամկետը՝ սեպտեմբերի 30-ը, տեխնիկական, երկրորդական խնդիր է: Ենթադրենք հակասահմանադրական չէ: Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին պետք է մասնակցի այդ պատադիր ծրագրին, իմանալով որ ամսի 30-ից հակասահմանադակա՞ն է: Նման մոտեցումը տրամաբանական չէ»:
Նա նշեց նաև, որ քաղաքացիների գումարներն անպայման պետք է հետ վերադարձվեն. «Գումարների վերադարձման համար հստակ մեխանիզմ և ժամանակացույց պետք է սահմանի Կառավարությունը»: