Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է ընդլայնել շահառուների շրջանակը՝ ներառելով 2025-2026 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ առաջին կուրս (առկա վճարովի) ընդունված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սովորողներին:
Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել գործող որոշման այն դրույթը, որով սահմանված էր, որ ուսումնական հաստատությունը կամ ուսումնառած կրթական ծրագիրը փոխած կամ ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում չի տրվում:
Շահառուների շրջանակը
Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տեղեկատվության՝ 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքում պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 251 Արցախից տեղահանված դիմորդ, որից 240-ը՝ պետական բուհեր:
Արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս են ընդունվել Արցախից տեղահանված շուրջ 75 ուսանող:
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են դիմել ընտանեկան հանգամանքներից ելնելով ուսումնառությունը դադարեցրած կամ այլ բնակավայր տեղափոխված ուսանողներ, ովքեր դուրս են մնացել որոշման շահառուների ցանկից: Կան նաև ուսանողներ, ովքեր ցանկանում են առկա ուսուցման համակարգից տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգ՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:
Նոր փոփոխությունը հնարավորություն կտա նման կարգավիճակ ունեցող ուսանողներին ևս ներառել որոշման շահառուների ցանկում:
Փոխհատուցման ժամկետների երկարաձգում
Նախագծով նաև երկարաձգվում են փոխհատուցման ժամկետները՝
- Որոշման գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականը
- Ուսման վարձի փոխհատուցումը կտրամադրվի մինչև 2030-2031 ուսումնական տարվա ավարտը
Ֆինանսական ազդեցությունը
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում կարող է առաջանալ ծախսերի ավելացում՝ հաշվի առնելով, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
Համաձայն հիմնավորման՝
- Բուհերի առաջին կուրս ընդունված շուրջ 240 ուսանողի ուսման վարձի առաջին կիսամյակի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 100 մլն դրամ
- Արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 15 մլն դրամ
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ծրագրի շահառուների թիվը տատանվում է՝ կապված առաջադիմության շեմի պահանջների հետ:
Ե՞րբ է որոշումն ուժի մեջ մտնելու
Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից: