Միրզոյան․ Խաղաղությունն արդեն հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՄԱԿ-ի ԳՎ 80-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։ Իր ելույթում նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատվել է։

Նա նշել է, որ կայուն զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

«Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը՝ նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո, ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է։

Անցյալ տարի ես նաև նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապվածության զարգացմանը: Այս տարի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Համատեղ հռչակագրի ստորագրմամբ, մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն, և այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ:

Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը: Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, և հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների՝ ներառյալ G20-ի աջակցության վրա՝ այս տեսլականն առաջ մղելու գործում»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է՝ ունակ ապահովելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել