Հայաստանն ամեն ինչ անում է ՀԱԷԿ շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ–ում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
«Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը արտադրվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից։ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,–ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ ատոմային էներգիայի ռազմավարական կարևորությունը Հայաստանի կառավարության վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առաջ։
«Մենք ամեն ինչ անում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար։ Մենք պարբերաբար անցկացնում ենք ստուգման և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն ատոմակայանը շահագործում է ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում է միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը»,–ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ նաև Հայաստանի և «Ռոսատոմ» կորպորացիայի ու այլ միջազգային գործընկերների միջև շահավետ և վստահելի գործընկերության արդյունք:
Նրա խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կլինի նոր էներգաբլոկի կառուցմանը սահուն անցնելու համար՝ ՀԱԷԿ–ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո: