«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 131-ը սահմանում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար, որոնք կատարում են ոչ թե վարորդները, այլ մյուս մասնակիցները՝ ուղևորներ, հետիոտներ, հեծանվորդներ և այլք։
Տուգանքներ նախատեսվում են հետևյալ դեպքերում․
- Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչպես նաև հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
- Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
- Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
- Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
- առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
- Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
- Ապրանքների առաքում իրականացնողհեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
- Նույն արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
- Նույն արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
- Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։