Հայաստանում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների հարկային հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստի աշխատանքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստի շրջանակում, Երևանում սեպտեմբերի 22-ից 24-ը հյուրընկալել է մասնակից երկրների  բարձրաստիճան պատվիրակություններին։ Մասնավորապես, համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  պատվիրակությունները։

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 23-ին մեկնարկել են Համակարգող խորհրդի աշխատանքները։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը կարևորել է հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ակտիվ համագործակցությունը․«Այսօրվա  հանդիպումը կարևոր նշանակություն ունի․ այն ոչ միայն փորձի փոխանակման և հրատապ խնդիրների քննարկման հարթակ է, այլև հնարավորություն է ընձեռում ներկայացնելու ձեռքբերումները»։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության գործունեության վերաբերյալ շնորհանդես։

Զուգահեռ անցկացվել են նաև Համակարգող խորհրդի փորձագիտական խմբերի  աշխատանքները։ Քննարկվել են ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության,  հարկային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տնտեսական անվտանգության ապահովման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև դրամական միջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի խաղային բիզնեսի հակազդման փորձագետների աշխատանքային խմբի գործունեությանը, ինչպես նաև ամփոփվել են նախկինում ընդունված որոշումների և նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը։

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել նաև Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում, ծանոթացել աշխատանքներին։ Այնուհետև այցելել են ՊԵԿ շնագիտական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել