Մեքենա վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեքենա վարելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 344-ը սահմանում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելուկամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար նախատեսված պատասխանատվությունը։

Վարելը առանց իրավունքի՝ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում՝ պատժվում է

  • տուգանքով՝ առավելագույնը տասնհինգապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 150 ժամ տևողությամբ, կամ
  • կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

Հարբած վիճակում վարելը կամ զննությունից հրաժարվելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվում է

  • տուգանքով՝ առավելագույնը 30-ապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներով՝ 150-ից 250 ժամ տևողությամբ, կամ
  • կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-ից 2 ամիս ժամկետով, կամ
  • ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

 Օրենքով տրված սահմանումները

  • Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:
  • Անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:
  • Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի (ենթակարգի) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել