«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ ս.թ.-ի սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:
«Անձրևաջրերի ներթափանցման պատճառ է հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում էր կապալառու ընկերություններից մեկի կողմից:
Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին ՀԷՑ ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, որը, ցուցաբերելով անգործություն, ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թ.Վ.-ի կողմից ցուցաբերած անգործության և իր լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների թերի կազմակերպման հետևանքով ՀԷՑ ՓԲ ընկերությունը պատշաճ չի իրականացրել կոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20 հազար բաժանորդների համար՝ ՀԷՑ ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:
Ինչպես նաև պաշտոնական գրություն է հասցեագրվել կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախապահանջը ստանալուց հետո սեղմ ժամկետներում կապալառու ընկերությունը պարտավորվում է վերականգնել ՀԷՑ ՓԲ ընկերությանը պատճառված վնասը՝ ենթակայանը բերելով պատշաճ շահագործման վիճակի:
Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, ՀԷՑ ՓԲԸ Խումբ ենթակայանների աշխատակիցների և ՀԷՑ ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենության անմիջական միջամտությամբ:
Անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում»,- ասվում է ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հրապարակած պարզաբանման մեջ: