Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Ժողովրդավարության չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Անդրադառնալով ժողովրդավարության կայացման և պահպանման գործում հակակոռուպցիոն պայքարի կարևորությանը՝  Արթուր Նահապետյանը նշել է, որ ժողովրդավարական համակարգերում գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, այդ թվում՝ օրենքի գերակայությունը, ազատ մամուլը և քաղաքացիական մասնակցությունն արդեն իսկ ստեղծում են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար:

Արթուր Նահապետյանն ընդգծել է նոր մոտեցումների կարևորությունն ու դերը հատկապես ժամանակակից հասարակությունում, քանի որ ավանդական մեթոդներն այսօր հաճախ բավարար չեն լինում կոռուպցիայի խորքային և բազմաշերտ բնույթի դեմ արդյունավետ պայքար մղելու համար:

Աշխատանքային նոր մոտեցումների և բարեփոխումների համատեքստում Կոմիտեի նախագահն առանձնացրել է նախաքննական և օպերատիվ–հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներում կատարված կառուցվածքային փոփոխությունները, այդ թվում՝ տարածքային բաժինների ստեղծումը, որոնք հնարավորություն կընձեռեն նվազագույնի հասցնել քննության ձգձգումներն ու անարդյունավետ քննության ռիսկերը, թույլ կտան ավելի հեշտությամբ ներդնել հանցագործությունների վերլուծության մեխանիզմներ:

Արթուր Նահապետյանը կարևորել է հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, որի վկայությունն են նաև քաղաքացիներից ամենօրյա ռեժիմով ստացվող բազմաթիվ դիմում-հաղորդումները, որոնց հիման վրա ձեռնարկվող ստուգողական միջոցառումներով շատ դեպքերում կոնկրետ արդյունքներ են արձանագրվում: Ըստ Կոմիտեի նախագահի՝ դրան նպաստում են նաև կառույցում գործարկված թեժ գիծը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների բացասական լինելու, դրա դեմ պայքարի մասին ազդարարող անիմացիոն տեսահոլովակների տարածումը,  որոնք ներկայիս զարգացումներին համահունչ նոր գործելաոճ են և կրելու են շարունակական բնույթ»- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել