Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են՝ նրանք քննարկել են Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը խորը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին վերջին հարձակումների զոհերի կապակցությամբ՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածները որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները նպատակ ունեն ամբողջ տարածաշրջանը ներքաշել պատերազմի կրակի մեջ, ինչպես նաև խափանել միջուկային բանակցությունները։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը «Գազայի ցեղասպանությունից»՝ Իրանի հետ լարվածություն սկսելով։
Էրդողանը հավելել է, որ Անկարան ուշադիր հետևում է Նաթանզի օբյեկտում հնարավոր միջուկային արտահոսքի շուրջ զարգացումներին և ընդգծել է, որ դիվանագիտական ուղիները մնում են միջուկային վեճը լուծելու միակ ճանապարհը։