«Քեռիս նկարել էր պատերազմում զոհված հարազատ եղբոր դիմանկարը․ չէի պատկերացնում՝ մարդ ձեռքով նկարի այդպիսի դեմքի արտահայտություն»․ նկարիչ Վիլիկ Զաքարյան

«Ես հիշում եմ մանկության տարիները, ինչպես ինձ մոտ առաջացավ սերը դեպի նկարչությունը։ Դրա հիմնական ստեղծողը, խթանիչ ուժը հորս կողմից էր․ ինքը շատ էր սիրում նկարչությունը։ Լինելով քիմիա-բիոլոգիայի, անատոմիայի մասնագետ, շատ սեր ուներ դեպի նկարչությունը, և ինքն էլ արթնացրեց այդ սերը ինձ մոտ»,-պատմում է նկարիչ Վիլիկ Զաքարյանը։

Նկարչին գրավել է ինքնուրույն ստեղծելու, ստեղծագործելու հնարավորությունը և սեփական մտքի թռիչքը մակերեսի վրա տեսնելու ցանկալի պահը․ «Մեծ քեռիս, ոչ պրոֆեսիոնալ նկարիչ լինելով,  պատերազմում զոհված հարազատ եղբոր դիմանկարն էր ստեղծել։ Փոքր տարիքում, երբ նայեցի ու իմացա, որ դա նկարել է մեծ քեռիս, ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, որովհետև այդ տարիքում չէի պատկերացնում՝ մարդ ձեռքով նկարի այդպիսի դեմքի արտահայտություն և այլն»։

Վիլիկ Զաքարյանն այդ պահին մտածել է՝ տեսնես կկարողանա՞ ինքն էլ այդպիսի մի բան անել․ «Երևի դա էլ ինձ տրամադրեց և հետաքրքրություն առաջացրեց դեպի նկարչությունը»։

Նկարչի կտավը նրա հոգու արտահայտությունն է, որտեղ յուրաքանչյուր գիծ ու գույն դառնում է անձնական մի լեզու, որը բացահայտում է ստեղծագործողի ամենախորը գաղտնիքները։

Նրա արվեստը այնպիսի մի սրտամոտ լեզու է, որը խոսում է ոչ միայն տեսնելու, այլ նաև զգալու լեզվով՝ իր ստեղծած աշխարհներով շրջելով արվեստասերի հոգում։

Արձագանքեք նկարիչների ներքին աշխարհին, շոշափեք նրանց ստեղծագործական մղումները և բացահայտեք կյանքի հրաշալիքները՝ այդքան ուրույն և յուրահատուկ հայացքով։ Նկարչի գործերն այն չէ, ինչը պարզապես տեսնում ենք, այլ այն, ինչ զգում ենք, և «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի երրորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, կկարողանաք այդ բացառիկ ու մագնիսական ուժը ստանալ ու բացահայտել հետաքրքիր աշխարհը։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել