1 ամսում լուծվեցին ընտանիքիս բոլոր իրավական խնդիրները. արցախահայը՝ Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավական աջակցության մասին

Արցախից բռնի տեղահանված Նովելա Օսիպովան Iravaban.net-ի հետ զրույցում պատմել է տեղահանումից հետո առկա իրավական խնդիրների մասին, ներկայացրել, թե ինչպես է իմացել Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ նաև ԻՀԱ)՝ որպես Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ նաև Ցանց) կազմակերպության մասին, և թե ինչու է որոշել դիմել հենց այս կառույցին։

«Արցախից տեղահանվելուց հետո այնքան իրավական խնդիրների առաջ կանգնեցինք, որ դա հնարավոր չէ ասել։ Մեր ամեն մի քայլը մի կռիվ էր, որովհետև ինչ դուռ ծեծում էինք, մտնում, անպատասխան դուրս էինք գալիս»,-նշում է՝ պատմելով, որ Հայաստան տեղափոխվելուց 1 ամիս հետո մահացել է մայրը, այդ ընթացքում իր հոր 40+10 հազար դրամ ստանալու դիմումը լրացնելու ժամկետն էին։

Դիմել է տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն որևէ հիմնավոր պատասխան չի ստացել։

Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանից տեղեկանալով ԻՀԱ-ի կողմից արցախահայերին ցուցաբերվող անվճար իրավաբանական աջակցության մասին, սկզբում չի ցանկացել դիմել, մտածել է՝ կրկին անպատասխան կմնա, սակայն դիմելուց ընդամենը 1 ամիս անց մեր զրուցակցի բոլոր իրավական խնդիրները լուծվել են, հասանելիք ամբողջ գումարները ԻՀԱ-ի միջոցով փոխհատուցվել են։

Նրա խոսքվ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանը ցույց է տվել դիմում գրելու ձևը, ուղղորդել, աջակցել անհրաժեշտ քայլերը իրականացնելու հարցում․ «Այն մոտեցումը, որ իրենք ունեն արցախցիների նկատմամբ, 100 հազարներ արժեն, քանի որ փողից բացի մենք շատ ընկճված վիճակում էինք, այդ բարիդրացիական խոսքը մեզ համար մեծ նշանակություն ունի»։

Նա նշում է՝ իր հարազատներից, ծանոթներից շատերն այժմ կրկին կանգնած են նյութական և իրավական խնդիրների առջև, նրանց ևս խորհուրդ է տվել դիմել ԻՀԱ-ին՝ համապատասխան իրավաբանական օգնություն ստանալու։

Նշենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ որպես Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (Ցանց) քարտուղարություն իրականացնող կազմակերպություն, վերջին մեկ տարվա ընթացքում անվճար իրավական աջակցություն է տրամադրել շուրջ 300 արցախահայերի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել