ԱԱԾ-ն հասանելիություն կունենա՞ ՀՀ քաղաքացիների ինտերնետ թրաֆիկի բովանդակությանը․ կառույցից պատասխանել են Iravaban.net-ի հարցմանը

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էր տարածվել, համաձայն որոնց, ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ եւ տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն եւ դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած:

Ինտերնետ թրաֆիկը վերաբերում է տվյալների այն ծավալին, որը փոխանակվում է ինտերնետային ցանցի միջոցով։ Այն կարող է ընդգրկել ներբեռնված և վերբեռնված տվյալները, ինչպիսիք են կայքերի բեռնումը, ֆայլերի ներբեռնումը, վիդեո հոսքերը, ձայնային զանգերը և այլ օնլայն գործողությունները։

Տեղեկության իսկությունը ստուգելու և պարզաբանում ստանալու նպատակով Iravaban.net-ը հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն։

ԱԱԾ-ն պատասխան նամակում հղում էր կատարել Սահմանադրության 33-րդ հոդվածին, որտեղ նշվում է, որ հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներով։

Մեջբերված էր նաև Քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը։ Համաձայն սրանց՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողությունը և համանուն օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվում է համապատասխանաբար քննիչի հանձնարարությամբ՝ դատարանի որոշման կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի միջնորդությամբ՝ դատարանի թույլտվության հիման վրա։

Նշված է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես դատարանի որոշմամբ են ստացվում նաև համացանցային հաղորդակցությանը վերաբերող և դրանց բովանդակությունը չբացահայտող տվյալները։

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ»,-ասված էր մեր հարցմանն ի պատասխան։

ԱԱԾ-ի պատասխանը չի հաստատում գաղտնահսկող սարքերի տեղադրման փաստը, սակայն այն չի էլ հերքում տարածված տեղեկությունը։ Այնուամենայնիվ, պետական վերահսկողությունը չպետք է անսահմանափակ լինի․ այն պետք է իրականացվի օրենքի շրջանակում՝ թափանցիկ մեխանիզմներով և դատական վերահսկողությամբ։ Անհրաժեշտ է ապահովել, որ հավաքված տվյալները չօգտագործվեն չարաշահումների կամ քաղաքացիների ազատությունների սահմանափակման համար։

Քաղաքացիները և հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան հետևել, թե ինչպես է պետությունը կիրառում վերահսկողության մեխանիզմները։ Անհրաժեշտ են անկախ վերահսկող մարմիններ, որոնք կվերահսկեն պետական կառույցների գործողությունները։

Անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական հստակ շրջանակներ, որոնք թույլ կտան արդյունավետորեն պայքարել սպառնալիքների դեմ՝ միաժամանակ պաշտպանելով քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել