Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 22-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական քննությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել:
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17 միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին 4 վկաներ հարցաքննվեցին։
Դատակոչված վկաներից առաջինը հարցաքննվեց Անանիա Հարությունյանը։ Նա հայտնեց, որ դատավարության մասնակիցներից անձամբ որևէ մեկին չի ճանաչում։ Նշեց՝ գործի վերաբերյալ քննիչի մոտ հարցաքննվելիս ևս հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանին և գործով մյուս անձանց չի տեսել, չի ճանաչել։
Վկան ասաց, որ ոստիկանությունում զբաղվել է շինարարական աշխատանքներով, և այդ ընթացքում որևէ հարցեր, եթե եղել են, համապատասխան հրահանգները ստացել է իր անմիջական ղեկավարից՝ Ֆիրդուսից։
Հանրային մեղադրող, դատախազ Արմեն Մուրադյանը ճշտեց՝ շինարարության ընթացքում «պրարաբը» Ֆիրդուսն է հանդիսացել, վկան դրական պատասխան տվեց, մյուս հարցին, թե արդյոք ոստիկանության որևէ աշխատակցից այդ ընթացքում հանձնարարություն ստացել է, թե ոչ, վկան պատասխանեց՝ ոչ։
Մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ էին կատարում, վկան ասաց՝ տարբեր աշխատանքներ են իրականացրել, դրանք կատարվել են և՛ քաղաքային վարչությունում, և՛ նախարարությունում։
Հանրային մեղադրող, դատախազ Արսեն Գևորգյանը վկային հարցրեց, թե հիշում է արդյոք որ թվականների մասին է խոսքը, վկան պատասխանեց՝ 2010 թվականից հետո էր, տևել է մոտ 2-3 տարի։
– Ձեր աշխատանքները կատարելու ընթացքում երբևէ տեսե՞լ եք՝ ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում նաև կին աշխատակիցներ գան, նայեն Ձեր աշխատանքը, ուղղորդեն, ցուցումներ տան։
– Կոնկրետ ցուցումներ չենք ստացել, տենց ուշադիր չեմ եղել, չեմ կարող հիշել։
Առաջին վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց, հաջորդիվ հարցաքննվեց Սարգիս Հովհաննիսյանը։
Նա ևս հայտնեց՝ դատավարության մասնակիցներից ոչ ոքի չի ճանաչում, նրանց առաջին անգամ է տեսնում։ Գործի վերաբերյալ քննիչի մոտ հարցաքննվելիս ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, այդ ժամանակ ոստիկանությունում շինարարություն է կատարվել, իր հայրը բեռնատարի վարորդ է եղել, նա է անհրաժեշտ իրերը տեղափոխել։
Նա ասաց, որ հոր հետ ընդամենը 1 անգամ է եղել այնտեղ, դատախազի հարցին, թե աշխատանքներն ում կողմից էին կազմակերպվում, վկան ասաց՝ չգիտի, չի կարող ասել։ Դատախազը նաև հարցրեց՝ այլ ազգական եղել է այնտեղ, թե ոչ, վերջինս բացասական պատասխան տվեց։
Վկան նաև տեղյակ չէր, թե այդ աշխատանքների համար ֆինանսական հարցերով ով է զբաղվել։
– Ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկը Ձեզ հրահանգներ, ցուցումներ տալի՞ս էր, թե Ձեր գործողություններն ինչպես իրականացնեք։
– Ինձ չէ, պապային՝ կարող ա։
Հարցին, թե մոտավորապես որ թվականների մասին է խոսքը, վկան ասաց՝ 2012, 2013։ Հանրային մեղադրողն ասաց, որ հակասություն կա ներգրավված անձանց շրջանում այլ ազգականներ լինելու, ինչպես նաև ոստիկանության կոնկրետ աշխատակցի ճանաչելու հարցի հետ կապված։
Վկան ասաց՝ ազգականն իր քեռին է եղել, ոստիկանության աշխատակիցներից Ռազմիկ անունով տղամարդուն տեսել է այն ժամանակ, երբ իր հոր հետ ֆինանսական հարցեր են քննարկվել։
Երկրորդ վկայի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդիվ հարցաքննվեց վկա Վահագն Գալստյանը։
Նա ասաց՝ ճանաչում է Վլադիմիր Գասպարյանին, ոչ ոքի հետ որևէ հարաբերություն չի ունեցել։
Վկայի հարցաքննությունը կապված էր իր աշխատանքային գործունեության հետ, նա տարբեր խանութներում աշխատել է հաշվապահ։
Դատախազը հարցրեց, թե ոստիկանության կողմից գնումների իրականացման գործընթացն ինչպես է տեղի ունեցել, վերջինս պատասխանեց՝ տարբեր կառույցներից կատարվել են գնումներ, պայմանագիր է ուղարկվել, հաշիվներ են դուրս գրել, համապատասխան լիազորագրով ներկայացուցիչը եկել, տարել է։
– Այդ գործընթացներին Վլադիմիր Գասպարյանի կամ վերջինիս կնոջ մասնակցության վերաբերյալ տեղեկություններ ունե՞ք, թե՞ ոչ։
– Ո՛չ։
– Վերջիններս արդյո՞ք այցելել են, ձեռք են բերել։
– Վլադիմիր Գասպարյանը չեմ կարծում՝ այցելած լինի, որ այցելած լիներ, կասեին, կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ։
– Ըստ Ձեզ, եթե վերջինիս կինը գար, նույնպես չէին տեղեկացնի՞։
– Եթե ճանաչեին, կարծում եմ՝ կտեղեկացնեին։
Երրորդ վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց, նրանից հետո հարցաքննվեց վկա Արմեն Գևորգյանը։
Նա հայտնեց, որ հանդիսանում է «Լյուքս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը։ Վկան նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է Վլադիմիր Գասպարյանին (դեռևս 80-ական թվականներից), նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում։
Քննիչի մոտ վերջինս հարցաքննվել է պետական տարբեր մարմիններից կողմից իր նվեր-խանութից գնումների հարցերի հետ կապված, այդ թվում՝ ոստիկանության։
«Հարցրել են՝ ներքին գործերից ով ա եկել, քեզ մոտ առևտուր արել․ առաջին հերթին պարզաբանեմ, որ ինձ մոտ առևտուր անելուց ես չեմ տեսնում ոչ մեկին, որովհետև ես իմ կաբինետում նստած եմ, բացի դրանից, եթե հիմնարկներից գալիս են առևտրի, այդ թվում՝ ՆԳՆ-ից, գնումներով զբաղվում էր տնտեսական վարչությունն իր աշխատակիցներով, ուղղակի ինձ տեղյակ էին պահում, որ էս հիմնարկից եկել են, ինչ գնային առաջարկներ պետք է արվեն»,-ասաց վկան։
Նար խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը գալիս էր, տվյալ առիթով ինչ պետք էր, գնում էր, և ղեկավարի անուն այդ ժամանակ ոչ մի անգամ չի տրվել։
– Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, երբևէ առնչություն ունեցե՞լ է գնման գործընթացին։
– Ինչքան էլ ես շատ մոտիկ եմ իրա (Վլադիմիր Գասպարյանի) հետ, բայց ես Սուսաննա Գասպարյանի հետ վապշե չեմ առնչվել, չեմ էլ ճանաչում։
Ալեքսանդր Կոչուբաևը հարցրեց՝ տնտեսական վարչությունում եղել են դեպքեր, որ ՆԳՆ-ին վաճառվեին հուշանվերներ՝ չհիմնավորված բարձր գներով կամ մի գին գրվեր, այլ գնով վաճառվեր, վկան ասաց՝ օգտագործվել է սահմանված 20 % զեղչը։
Նախագահող դատավորը հայտնեց, որ ծանուցումներ են ուղարկվել նաև վկաներ Հմայակ Ավետիսյանին և Արտաշ Բարսեղյանին, առաջինի դեպքում վերադարձվել է «անհայտ» նշագրումով, իսկ երկրորդինը՝ «չպահանջված»։
Դատարանը որոշեց վերջիններիս ծանուցագրեր ուղարկել ոստիկանության միջոցով, նաև հարցաքննության համար ծանուցել դատակոչի ցանկի մյուս վկաներին։
Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին։
Մարիամ Շահնազարյան