Քրեակատարողական հիմնարկում իրականացվում են կահույքի արտադրման և վերանորոգման աշխատանքներ

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու և սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, շինվերանորոգման աշխատանքներին զուգահեռ, Քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում են նաև հիմնարկների խցերի և կարճատև տեսակցությունների սենյակների գույքի նորացման գործընթացները։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործող փայտամշակման և զոդման արտադրամասում պատրաստվել են սեղաններ և աթոռներ «Վանաձոր», «Վարդաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների կարճատև տեսակցությունների սենյակները պատշաճ կահավորելու նպատակով։ Բացի այդ՝ արտադրվել են միաձույլ սեղան-աթոռներ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 20 խցերի համար։

Հատկանշական է, որ նոր կահույքը պատրաստվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, արհեստագործական հմտություններ ունեցող, ինչպես նաև վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում համապատասխան դասընթացների ժամանակ այդ հմտությունները ձեռք բերած ազատազրկված անձանց կողմից՝ Քրեակատարողական ծառայության տրամադրած նյութերով։

Ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովումը, նրանց զբաղվածության կազմակերպումը և նոր հմտությունների ձեռքբերումը շարունակում են մնալ Քրեակատարողական ծառայության առաջնային նպատակներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել