«Դատախազությունը թերի ուսումնասիրություն կատարելու արդյունքում իր պարտականության կատարումը դնում է Պատասխանող կողմի վրա». Վահագն Վերմիշյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը հանդես եկավ Վահագն Վերմիշյանի կողմից բաժնետոմսերի գնման և դրանք հետագայում վաճառելու վերաբերյալ փաստաթղթերը որպես ապացույց թույլատրելու միջնորդությամբ, մինչդեռ Հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացնելու մասով Դատարանի կողմից սահմանված ժամկետը սպառվել էր։ Բացի այդ, իր կողմից այսօր դատական նիստին հայտնած դիրքորոշմամբ Դատախազության ներկայացուցիչը վիճարկեց պատասխանողներին պատկանող և ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի օրինականության հարցը։

Հայցվորը նշեց՝ գործի շրջանակներում ուսումնասիրվել է միջնորդությամբ քննարկվող անշարժ գույքի վկայականը, այժմ անհրաժեշտ է գույքի ձեռքբերման, դրա գնի վերաբերյալ տվյալներ, թե ինչքան է արժեցել այն, որպեսզի նաև կարողանան գնահատել վարձակալության վճարների օրինականությունը։

Պատասխանող Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայցվորին հարցրեց՝ այս դեպքում Դատախազությանը հետաքրքրո՞ւմ է արդյոք այն հարցը, թե անձն այդ գույքը ՌԴ-ում օրինական եկամունտերով է ձեռք բերել, թե ոչ։ Արտաշեսյանը պատասխանեց՝ իրենց դիրքորոշումն այն է, որ պիտի պարզեն գույքի ծագման օրինականությունը, և եթե այն օրինական է, ապա վարձակալությունից ստացված եկամուտը՝ նույնպես։

Արմեն Մելքումյանն ասաց՝ պատասխանող կողմի համար այս հարցը տարակուսելի է, քանի որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման հարցն այլ երկրի իրավասության տիրույթում է, ու դա, ըստ պատասխանողի, չպիտի հետաքրքրեր իրավասու մարմնին, քանի որ իրենք ներկայացրել են նաև գույքի սեփականության վկայականների բնօրինակները, դրանց հայերեն թարգմանությունները։

«Այնուամենայնիվ, դատախազությանն ուսումնասիրության ընթացքում ոչինչ չի խանգարել նաև այդ հարցումներով ինքնուրույն ձեռք բերել և կիրառել այն գործիքակազմը, որը սահմանված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, և երկրորդը, ըստ էության, ՀՀ սահմաններից դուրս ձեռքբերված գույքի օրինականության հարցը դատախազության տիրույթում չի գտնվում։
Գույքի ձեռքբերման հետ կապված փաստաթղթերը մենք պատրաստ ենք ներկայացնել, իսկ այդ հարցումը մենք չենք էլ ստացել»։

Նախագահող դատավորը հարցրեց, թե երբ է հարցումը ուղարկվել, դատախազը պատասխանեց՝ երեկ (հունվարի 20)։
Պատասխանողի ներկայացուցիչը պնդեց՝ գրավոր ապացույցը պահանջելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչով է պայմանավորված այս փուլում ինչպես ՀՀ սահմանների ներսում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի մասով նման ապացույց պահանջելը, քանի որ դատախազությունը սահմանափակված չի եղել նախկինում՝ ուսումնասիրություն անցկացնելու փուլում, դրանք ձեռք բերելու հարցում։

Ժամկետների բացթողման հարցի վերաբերյալ դատախազը հայտնեց՝ ներկայացված ապացույցներն ի սկզբանե իրավասու մարմնին հայտնի չեն եղել, դրանք ձեռք են բերվել պատասխանողի կողմից ներկայացված ապացույցների ստուգման արդյունքում։

Մելքումյանը հակադարձեց․ «Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր վստահորդի նկատմամբ իրականացված ուսումնասիրությունը կատարվել է ոչ ամբողջական և թերի, չի արտացոլում այն օբյեկտիվ իրականությունը, որի մասին հայտնել ենք մեր դիրքորոշումներով, և որևիցե ձևով չապացուցվեց այն անհնարինությունը, խոչընդոտը, որը դատախազությանն արգելել է սահմանված ժամկետում ձեռք բերել նման ապացույցը ։ Մենք այն դիրքորոշմանն ենք, որ միջնորդությունը պետք է մերժվի»։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց բացթողնված ժամկետը հարգելի համարելու և գրավոր ապացույցը թույլատրելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարել։ Նախագահող դատավորն արձանագրեց՝ այդ ապացույցները ձեռքբերելու համար գործողությունները կատարվել են ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար, ժամկետը բաց է թողնվել հայցվորի կամքից անկախ, օբյեկտիվ պատճառներով։

Նիստի ավարտին հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ Վահագն Վերմիշյանի կնոջը՝ Մարգարիտ Վերմիշյանին դիմել են համապատասխան անշարժ գույքի ձեռքբերման արժեքի վերաբերյալ տվյալները ստանալու համար, այս նիստը պետք է հետաձգել, սպասել պատասխանին, ու եթե վերջինս չարձագանքի, դիմեն դատարանին։
Արմեն Մելքումյանը հայտնեց՝ իրենք նախ պետք հասկանան ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, ըստ անհրաժեշտության դիմեն նաև ՌԴ պատկան մարմիններին, ստանան այդ փաստաթղթերը, թարգմանեն, ներկայացնեն, ինչը բավական ժամանակատար գործընթաց է։

Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա փետրվարի 21-ի։

Iravaban.net-ը դիմել է Վահագն Վերմիշյանի փաստաբան Արմեն Մելքումյանին՝ մեկնաբանելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և դատախազության պահանջի իրավաչափությունը:

Փաստաբան Մելքումյանը ներկայացրել է հետևյալը. «Դատախազության պահանջը հակասում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքին մի շարք էական առումներով:

1. Միջազգային համագործակցության պարտադիր ընթացակարգի խախտում

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սպառիչ կերպով սահմանում է արտերկրում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկությունների ստացման երկու հնարավոր եղանակ՝

  • առցանց բազաներից օգտվելը,
  • օտարերկրյա իրավասու մարմիններին խնդրանք ուղարկելը։

Դատախազությունը շրջանցել է այս պահանջը՝ փորձելով ուղղակիորեն պատասխանողին հարկադրել իր միջոցների հաշվին ստանալ և իրենց փոխանցել ՌԴ-ում գտնվող գույքի օրինականության վերաբերյալ ապացույցները:

2. Տարածքային իրավասության խնդիր

ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման հարցն այլ երկրի իրավասության տիրույթում է: Օրենքի 27-32 հոդվածները (Գլուխ 5) հստակ կարգավորում են միջազգային համագործակցության ընթացակարգը, որը տվյալ դեպքում չի պահպանվել:

3. Ապացուցման բեռի անհամաչափ բաշխում

Թեև օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է գույքի ապօրինի ծագման կանխավարկած, սակայն դա չի կարող մեկնաբանվել որպես միջազգային համագործակցության պարտադիր ընթացակարգերը շրջանցելու հիմք, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմաված և Դատախազության վրա իմպերատիվ կերպով կատարման ենթակա միջազգային հարցումներ կատարելու պարտականությունից խուսափելու հիմք:

4. Ուսումնասիրության թերություններ

Ինչպես նշել ենք դատական նիստի ընթացքում, «սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր վստահորդի նկատմամբ իրականացված ուսումնասիրությունը կատարվել է ոչ ամբողջական և թերի»: Դատախազությունը նախապես չի օգտագործել օրենքով իրեն վերապահված գործիքակազմը և չի կատարել իր վրա դրված պարտականությունը, մասնավորապես՝

  • չի դիմել ՌԴ իրավասու մարմիններին,
  • չի օգտվել միջազգային համագործակցության մեխանիզմներից,
  • չի ապացուցել որևէ խոչընդոտի առկայություն, որը թույլ չէր տվել նման ապացույցները ձեռքբերելուն ուղղված գործողությունները կատարել ՀՀ տարածքում։

«Հետևաբար, մեր դիրքորոշումն է, որ միջնորդությունը Դատարանի կողմից ենթակա էր մերժման: Ավելին, նույնիսկ այս պարագայում ելնելով մեր վստահորդների շահերից և մեր վրա վերցնելով պետության վրա դրված պոզիտիվ պարտականությունը ապահովել արդար դատաքննության իրականացումը՝ մենք պատրաստ ենք համագործակցել և ներկայացնել գույքի ձեռքբերման վերաբերյալ մեր տիրապետության տակ առկա լրացուցիչ փաստեր, սակայն դա պետք է արվի օրենքով սահմանված կարգով և ընթացակարգերի պահպանմամբ»,-նշեց նա։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել