2000 թվականի դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում է ծնվել Տիգրան Արշակյանը։ Յուրահատուկ հարաբերություններ է ունեցել մոր հետ, կիսվել է, պատմել իր նպատակների միասին։ Երկու քույրերի եղբայրը շատ խիստ է եղել, բայց նաև շատ է սիրել քույրերին։
«Իմ ամեն ինչը կապված էր իր հետ, հույսով սպասում էի, որ կավարտի, կգա ու ամեն ինչ լավ կլինի»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Աննա Օսեյանը։
Տիգրանը բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Մեղրիի Ագարակ զորամասում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած լայնածավալ պատերազմին մասնակցել է հոկտեմբերի 2-ից, մասնակցել է Ջրականի մարտերին։
«Տարի և երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան գնացի կողքի խանութ, վաճառողուհին լացում էր՝ բա, պատերազմ է սկսվել, վատ վիճակում էր։ Խանութից վազելով հետ եկա, զանգեցի Տիգրանիս, չպատասխանեց։ Մի քիչ անցավ, զանգեց։ Ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։ Մի քանի օր անց իրենց տարան Ջրական, մենք չենք իմացել, հետո իմացել ենք, որ Տիգրանը պատերազմի դաշտում է։ Իրեն տվել են ջոկատի հրամանատար»,-պատմում է մայրը։
Կրտսեր Սերժանտ Տիգրան Արշակյանն ու իր զինակիցները դիրք են հետ վերցրել, շատ փորձությունների միջով են անցել։ Նրա վերջին զանգը եղել է հոկտեմբերի 8-ին․ «Սովորական խոսակցություն էր, ոչ մի բան ցույց չէր տալիս, միայն ասացի՝ Տիգրան ամեն օր ինձ կզանգես, ասաց՝ հա, մամ ջան»։
Տիգրանը վիրավորում է ստացել հոկտեմբերի 10-ին, այդ օրը հայտարարվել էր զինադադար, սակայն ԱԹՍ-ի հարված է եղել։
«Վատ զգացողություն ունեցա այդ օրը, որ ասում են՝ մայրը զգում է, դա այդպես է, այդ պահին Տիգրանս վիրավորվել է։ Հետո ընկերը տեղափոխել է ինչ-որ փոքր հիվանդանոց, այնտեղից էլ տեղափոխել են Գորիս։ Տիգրանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, ոտքերից, հաստ աղին էր վնասված, կոմայի մեջ է եղել։ Մենք գնացինք Գորիս, երեխուն տեղափոխեցինք Երևան։ 4 օր մնաց կոմայի մեջ։ 2-րդ օրն էր, գնացի իր մոտ, հետը խոսեցի, ուզում էի, որ ինչ-որ բան զգար, արթնանար, բայց աչքերից երկու կաթիլ արցունք եկավ ու կանգնեց։ 4-րդ օրն էր, նորից գնացի տեսակցության, տպավորություն էր, որ սպասում էր, մտանք ու տասը րոպե հետո ինքը «գնաց»»,-պատմում է մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։