«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ զրուցել է «Աղոթքի խորհուրդը և դրսևորումները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուսմունքում» թեմայով։
-Ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցին սահմանում աղոթքի էությունը և նրա դերը հավատացյալի կյանքում:
-Երբ առաքյալները հարցրեցին Տիրոջը, թե ինչպես աղոթեն, նա տվեց սահմանումը՝ «Հայր մերը»։ Աղոթքը, որպես սկզբունք, կանոնական է Հայ Առաքելական եկեղեցու մեջ, ինչպես կանոնական է տիեզերքը։ Աղոթքը եկեղեցու մեջ կանոնական է և այն սահմանազատված է՝ գիշերային ժամերգություն, առավոտյան, արևագա,լ ինը ժամերգություններ, որ հնչում են օրվա ընթացքում։ Դա անհիշելի ժամանակներից է եկել։ Աղոթքը մարդու հոգևոր կյանքում շատ մեծ նշանակություն ունի, որովհետև Աստված մեզ լսում է ի խորոց սրտից։ Աղոթքը կոնկրետ ուղղված է Աստծուն և այն ունի իր սկզբունքները։ Աղոթքը փրկագործական նշանակություն ունի, որովհետև առանց փրկության չկա հույս, առանց հույսի չկա հավատ, առանց հավատի սերը պակասում է։
-Ինչպե՞ս է եկեղեցին մեկնաբանում աղոթքի արդյունավետությունը և Աստծո պատասխանները մեր աղոթքներին:
-Նախ, Ասված նայում է մեր սրտին։ Պետք է ամբողջ սրտով և հոգով աղոթել Աստծուն։ Սա է աղոթքի հիմնական կանոնը։
-Հաճախ, մենք Աստծուն դիմում ենք ավելի շատ մեր խնդրանքներով, ցանկություններով, սրանք կարո՞ղ են աղոթք համարվել։
-Քրիստոս շատ պարզ ասում է՝ նախքան ձեր բերանը բացելը, Աստված շատ լավ գիտե, թե ձեզ ինչ է պետք։ Այսինքն մեզնից ընդամենը կանոն է ուզում։ Ես ասացի՝ տիեզերքը կանոնացված է, մարդն իր էությամբ կանոնացված է։ Այսինքն կանոնի մեջ պետք է լինի, այսպես է կառուցված մեր եկեղեցին, երբ դու մտնում ես կանոնի մեջ, դու արդեն Աստծո, տիեզերքի փոքրիկ մասնիկն ես լինում։
-Ո՞րն է տարբերությունը անհատական և համայնական աղոթքի միջև, և ինչպե՞ս է եկեղեցին կարգավորում դրանց իրականացումը:
-Անհատական աղոթքը մեր սրտի աղոթքն է ուղղված առ Աստված։ Եթե մեկը տանը ընթերցում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, դա անհատական աղոթք է, ինքը հաղորդակցվում է Տիրոջ հետ։
-Ինչպե՞ս է պետք ճիշտ աղոթել։
-Պարզ։ Ինչքան պարզ, այնքան ընդունելի Աստծո առաջ։ Ինչպես պարզ է գետը, որ հոսում է դեպի ծովը։ Քեզ հավատարիմ, քո էությանը ունակ։
-Որո՞նք են ժամանակակից աշխարհում աղոթական կյանքի հիմնական մարտահրավերները, և ինչպե՞ս է եկեղեցին առաջարկում հաղթահարել դրանք։
–Մարդը երբեք չի փոխվում։ Ցանկացած հնագույն գրականություն, որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ մարդը մնում է նույնը։ Նոր բաներ հորինել, թե այս ժամանակում այսպես պետք է աղոթել, սա չի համապատասխանում մարդու էությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։