«Մոտավորապես 1 միլիոն դոլարի հասած կլինի»․ վկան՝ Հովսեփյաններին պատկանող Մաշտոցի տան վերանորոգման մասին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատակոչված վկաներից Արծրունի Հարությունյանից հետո հարցաքննվեց Համլետ Մակարյանը։

Նա հայտնեց, որ Արշավիր Սարգսյանը իր քրոջ աղջկա ամուսինն է։ Աղվան Հովսեփյանին ճանաչում է, վերջինիս հետ անձամբ շփում չի եղել, բայց տղայի՝ Արմեն Հովսեփյանի հետ շփում ունեցել է։

Նշեց, որ զբաղվել է Աղվան Հովսեփյանի՝ Ապարանում գտնվող հայրական տան, Բյուրական առանձնատան շինարարությամբ, խորհուրդներ տվել։

«Էլի ես անձամբ չեմ ղեկավարել, բայց հեռակա կարգով բանվորներ, արհեստավորներ էի ուղարկում, խորհուրդներ էի տալիս, շատ ժամանակ գնում, տեղում նայում էինք, դիզայնի գործով ես չեմ զբաղվել, որովհետև Աղվան Հովսեփյանը շատ լավ մասնագետ էր, դիզայնի գործով ինքն էր ամեն ինչն անում։

Մաշտոցի փողոցում գտնվող շինարարության ժամանակ անձամբ ես եմ ղեկավարել այդ 3 տարվա ընթացքում, իմ անմիջական մասնակցությունը տեղ ա եղել, Սարգսյան Արշավիրի հետ էի ես շփում ունենում»,-ասաց նա։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանի հարցին, թե Արշավիր Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը ինչ կապ ունեին միմյանց հետ, վկան ասաց՝ գիտեր, որ իրենք շատ մոտիկ ընկերներ էին, խնջույքների ժամանակ ինքն էլ է եղել, Աղվան Հովսեփյանին այդ ընթացքում է տեսել։

Նշեց՝ հէկերի շինարարությանը ինքն էլ է մասնակցել, խորհուրդներ տվել, լսել է, որ այդ հէկերրը նաև պատկանում է Հովսեփյանին։

– Ո՞ր հէկն էր, որ Դուք անձամբ գնացել եք։

– Վերջին հէկը, որ սարքեցին Եղեգնաձորի, իսկ մնացածից ես տեղյակ չեմ։

– Իսկ էդ ժամանակ քանի՞ անգամ գնացած կլինեք։

– Երևի մի 3-4 անգամ։

– Ո՞ւմ հետ եք գնացել։

– Արշավիրի հետ։

– Իսկ Աղվան Հովսեփյանին էնտեղ տեսե՞լ եք։

– Ո՛չ։

– Իսկ Արշավիրը երբևէ ասե՞լ ա, որ այլ հէկեր կան կամ չկան։

– Ճիշտն ասած, հեռուստատեսությամբ լսել էի, որ ցույցեր են անում, արգելել են, բան են արել, չեն թողել։

– Որտե՞ղ էին ցույցեր անում։

– Էն Մարտունու կողմերում էլի, գետի հունը փոխելու համար, տենց բաներ լսել եմ։

– Մաշտոցի բնակարանը որտեղ էր տեղակայված, ո՞ւմն էր բնակարանը։

– Բնակարանը Արմենի աներոջ անունով էր։

– Արմենն ո՞վ ա, կասե՞ք։

– Աղվան Հովսեփյանի որդին։

Վկան մանրամասն ներկայացրեց բնակարանի կառուցմանն ուղղված աշխատանքները, հայտնեց, որ 3 տարի է տևել շինարարությունը, մոտ է 12 հոգի են աշխատել, նրանց վարձատրությամբ Արշավիր Սարգսյանն է զբաղվել։

– Մոտ ինչքա՞ն վարձատրված կլինեն էդ աշխատակիցները բնակարանի աշխատանքները կատարելու համար։

– Ամբողջ 3 տարի՞ն։ Միլիոնին մոտիկ հասած կլինի դոլարով, որովհետև ահագին շինարարություն էր, բացի էդ 5-րդ հարկը, որ քանդեցինք, մենք մի պադյեզդից (շքամուտք,-խմբ․) մի պադյեզդ մի բան էլ ավել քանդեցինք, երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով ծածկը հավաքեցինք։ 

Հանրային մեղադրողը նաև հետաքրքրվեց, թե վկան ինչ հաճախականությամբ է գնացել Աղվան Հովսեփյանին պատկանող Բյուրականի առանձնատուն, ինչ գործունեություն է այնտեղ ծավալել, վերջինս ասաց՝ խորհուրդներ է տվել, Մեժլումն էր անընդհատ զանգում, հարցեր տալիս շինարարակն տարբեր հարցերի հետ կապված։ Նրա խոսքով՝ մոտավորապես 10-12 արհեստավոր է ուղարկել այնտեղ աշխատանքի համար, վերջինս հայտնեց, որ Հովսեփյանների մոտ գրանցված է եղել որպես շինարար, գնում էր, ստորագրում համապատասխան փաստաթղթղի տակ և ստանում իր աշխատավարձը։

– Էդ աշխատողների վարձատրությունն ո՞վ էր տալիս։

– Արշավիրն էր տալիս։

– Տվյալ ունեք՝ որտեղից էր տալիս։

– Չէ, չունեմ։

– Շատ աշխատողներ կայի՞ն առանձնատան շինարարության ժամանակ։

– Բավականին շատ էին։

– Ըստ Ձեզ, մոտավոր ինչքա՞ն ծախսված կլինի։

– Բյուրականի մասով ես չեմ կարա ասեմ, շատ չեմ եղել։

Վկան նաև նշեց, որ Բյուրականում տեսել է Աղվան Հովսեփյանին, այդ ժամանակ երկրորդ հարկի սենյակների հարդարման աշխատանքներն էին ընթանում․ «Տեսանք, որ լվացարան չկա, ասեցի՝ Գառնիկիչ, բա ստեղ ո՞նց են լվացվելու բան, զարմացած նայեց աչքերիս, ասեց՝ վայ, մենք տուալետ չէինք նախատեսել, նոր հետո կազմակերպեցինք, էդ հարցն էլ լուծվեց»։

Հարցին, թե այնտեղ ինչ կար, վկան ասաց․ «Գեղեցիկ շատրվաններ, լողավազան, թունել, միլիոնների հետ կապված գործ են արել», նաև պահակատուն, ջերմոց է եղել։

– Դուք, որ ասում եք՝ Հովսեփյանը ընդեղ էր, նենց տպավորություն ա, որ Հովսեփյանը ընդեղ քնում, ընդեղ արթնանում էր, գործի չէր գնում ընդհանրապես, էդպե՞ս էր։

– Չէ։

– Քանի՞ անգամ եք ինձ էնտեղ տեսել։

– 2 անգամ Բյուրականում տեսել եմ, մեկը էդ օրը, մեկն էլ մի անգամ ինչ-որ սենյակում սխալ բան էին արել, արմատուրան պիտի կտրեինք։

– Դուք տեղյակ եք՝ ես որպես ինչ էի այդ ժամանակ աշխատում։

– Երևի դատախազ եք էն ժամանակ եղել։

– Երևի դատախազ էի, և իմ աշխատանքային օրը մի հատ կիրակի է եղել, ինձ տեսել եք 2 անգամ։ Հիմա Դուք հաստատում եք՝ ընդեղ միլիոն դոլարի գո՞րծ ա կատարվել։

Դատախազն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ հարցին վկան արդեն իսկ պատասխանել է։

Աղվան Հովսեփյանը հանրային մեղադրողին հետևյալ կերպ պատասխանեց․ «Եթե Ձեզ համար հարգելի դատախազ, ձեռնտու է, որ բոլորը գան, թութակի պես կրկնեն, որ էդտեղ մի միլիոնի գործ ա արվել, ինձ ձեռնտու չի, որովհետև վաղը մյուս օրը ապացուցելու եմ, թե էդ 1 միլիոնը, որ ծախսվել ա իմ երեխեքի բիզնեսի փողերից ուր ա գնացել, ոնց են խարդախություն արել, էդ էլ տարել»։

Հանրային մեղադրողը ընդգծեց, որ բնակարանի, առանձնատան հետ կապված փորձագիտական եզրակացություն կա։

Վկաների հարցաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել