Ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության հարցը հանրության շրջանում մշտապես քննադատությունների, տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների է արժանանում։
Դեռևս 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Կառավարությունում կանանց ներգրավվածության մասին․
«Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են:
ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն:
Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- գրել էր վարչապետը:
Արդյո՞ք պնդումը ճիշտ է։
Փաշինյանի ղեկավարած կառավարությունը թարմ տվյալներով կարծես գերազանցել է Հայաստանի նախկին կառավարություններին՝ այժմ ունենալով 4 կին նախարար։
Iravaban.net-ը ներկայացնում է ՀՀ 3-րդ հանրապետության կին նախարարներին։
Կարինե Դանիելյան – Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար – 1991 – 1994
Հրանուշ Հակոբյան – Սոցիալական ապահովության նախարար – 1996 – 1998
Թամարա Պողոսյան – Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար – 2003 – 2004
Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար – 2007 – 2016
Հրանուշ Հակոբյան – ՀՀ սփյուռքի նախարար – 2008 – 2018
Արփինե Հովհաննիսյան – ՀՀ արդարադատության նախարար – 2015 – 2017
Լիլիթ Մակունց – ՀՀ մշակույթի նախարար – 2018 – 2019
Մանե Թանդիլյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2018 մայիսի 12 – 2018 նոյեմբերի 4)
Զարուհի Բաթոյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար – 2019 – 2020
- Ժաննա Անդրեասյանը 2020 թ․ մարտի 5-ին նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, իսկ 2022 թ․ դեկտեմբերի 13-ից զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։
- Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի։ Նա առողջապաության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. հունվարի 18-ից։
- Արփինե Սարգսյանը 2023 թ. հունվարի 9-ից մինչև 2024 թ․ նոյեմբերի 20-ը զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2024 թ․ նոյեմբերի 20-ից ՀՀ նախագահի հրամանագրով Սարգսյանը նշանակվել է Ներքին գործերի նախարար։
- Սրբուհի Գալյանը 2019 թվականի հուլիսի 17-ին նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, 2020 թվականին սեպտեմբերի 1-ից զբաղեցրել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում մեր այն հարցադրմանն ի պատասխան, թե ինչու է հասարակությանը մի մասը դրական գնահատում ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը, մյուս մասը՝ բացասական, նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս, այդ թվում՝ տարեկան հաղորդումների շրջանակներում անդրադարձել է կանանց քաղաքական և հասարակական կյանքին մասնակցության խնդիրներին և մտահոգիչ է համարել կանանց հասարակական կյանքում մասնակցության նվազ մակարդակը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում շարունակում է արձանագրվել հասարակական-քաղաքական կյանքում կանանց ոչ լիարժեք մասնակցությանն ու ներգրավվածության խնդիրը. խոչընդոտող գործոնները տարբեր են, ինչպես օրինակ՝ կանանց դերի, կարողությունների և հասարակական կյանքում նրանց ներգրավվածության շուրջ առկա կարծրատիպերը և խտրական ընկալումները, ինչի հետևանքով կանայք հաճախ չեն դիտարկվում որպես որոշում կայացնողներ, քաղաքականություն մշակողներ ու իրականացնողներ:
Հարցմամբ նաև անդրադարձել ենք այն խնդրին, թե արդյոք, օրինակ, ուժային կառույցներում, մարդու իրավունքների պաշտպանության, անվտանգության ոլորտներում պետք է տարանջատվի կին-տղամարդ սահմանը, արդյո՞ք այստեղ գիտելիքից զատ հարկավոր չեն խստությունն ու ուժը։
Պատասխանեցին, որ կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում առանցքային նշանակություն ունի վերջիններիս հասարակական և քաղաքական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման տեսանկյունից։
«Հավասար հնարավորությունների երաշխավորումը, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներից են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն»,-ասաց Մերի Մամիկոնյանը։
Այսպիսով, հասարակության շրջանում առկա կարծրատիպերի, կանանց դերի և կարողությունների վերաբերյալ կարծրատիպային ընկալումների, խտրականության տարբեր դրսևորումների առկայության, կանանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի՝ կապված քաղաքական կամ ղեկավար դերեր ստանձնելու հետ, ինչպես նաև կանանց մասնակցությունը խթանող լիարժեք կառուցակարգերի բացակայության հետևանքով չի ապահովվում հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության պատշաճ մակարդակ։
Ուստի՝ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը։
Պետք է ընդգծել, որ ՀՀ-ում խտրականությունը բացառող օրեսնդրական կարգավորումները թերի են, ու այժմ էլ շարունակում է արդիական մնալ խտրականության դեմ պայքարի օրենսդրական արդյունավետ կառուցակարգերի բացակայության խնդիրը։
Խտրականության դեմ պայքարը ենթադրում է գործուն կառուցակարգերի նախատեսում, այդ թվում՝ միասնական օրենքի ընդունում, որը կսահմանի խտրականության հասկացությունը, դրա տեսակներն ու խտրականության դեպքերով իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովող ընթացակարգային երաշխիքները։
Հարցին, թե այսօր արդյոք անհրաժեշտություն չկա օրենսդրական կարգավորումներ մտցնելու, այս խնդրին ուշադրություն դարձնելու համար, նշեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակն անհնար է առանց խտրականության արգելքի սկզբունքի պահպանման: Ուստի բարձրացված խնդիրները պահանջում են համակարգային լուծում՝ խտրականության դեմ պայքարի և դրա կանխարգելման օրենսդրական արդյունավետ կառուցակարգերի ամրագրում՝ միջազգային չափանիշներին համահունչ:
«Պետք է նշել, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը, որը կարող է հասարակության համար ունենալ մեծ դերակատարություն` իրավահավասարության և խտրականության արգելքի երաշխավորումն այլ հարթություն բարձրացնելու տեսանկյունից:
Իրավահավասարության մասին օրենքի ընդունման կարևորության հարցը Պաշտպանը բարձրացրել է տարիներ շարունակ և նշում է օրենքի հրատապ ընդունման անհրաժեշտությունը»,-նշվեց հարցմանն ի պատասխան։
Iravaban.net-ի հետ զրույցում «Սոսեի կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանը ևս ողջունեց ղեկավար պաշտոններում կանանց մասնակցությունը, նշեց՝ չպետք է այս հարցի համատեքստում խտրական մոտեցում ցուցաբերել, տարբերակում մտցնել կնոջ և տղամարդու միջև, քանի որ կարևորը մասնագիտական համապատասխան կարողություններն ու փորձառությունն է։
«Կարծրատիպային մտածելակերպը գալիս է նրանից, որ տարիներ շարունակ գրեթե միշտ մեր ուժային կառույցներում, օրինակ՝ ՆԳ նախարարը, եղել է տղամարդ, բայց արդարադատության կին նախարար ունեցել ենք։
Մարդիկ կարծում են՝ եթե ուժային կառույց է, պետք է տղամարդիկ լինեն, բայց դա ընդամենը միֆ է, կանայք շատ լավ կարող են այդ պաշտոնները զբաղեցնել, լավ նախարարներ լինել։ Կարող եմ ասել, որ խտրական վերաբերմունքը գալիս է հասարակության շրջանում կանանց դերի նսեմացումից, որովհետև կանանց միշտ խոհանոցում են պատկերացրել, կանայք միշտ դպրոցումներում, մանկարապարտեզներում են աշխատել, և որոշումների կայացման համար նրանց ներգրավվածությունը շատ չի եղել։
Մենք, իհարկե, մեր փորձառությամբ կարող ենք փաստել, որ կանայք մեծ դերակատարում են ունեցել որոշումների կայացման գործընթացին և եղել են լավ պաշտոնյաներ, օրինակ, Ճապոնիայում առաջին կին դեսպանը հայ կին է եղել»։
Հարցի, թե ինչպիսի քայլեր կարելի է իրականացնել խտրական վերաբերմունքի նվազեցման համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Պետք է երկարատև աշխատանք տանել հասարակության տարբեր շերտերի, խմբերի հետ՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խոսելու այդ հարցերի շուրջ։ Մի քանի օր առաջ էլ ականատես եղանք Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ելույթը կանանց մասին, որ կանայք իրենց արտաքինով դրդում են այլ գործողությունների, որը շատ սխալ մտածելակերպ է, այն էլ պաշտոնյայի կողմից․ սա ես խստիվ դատապարտում եմ»։
Հիշեցնենք՝ ընտրություններից հետո՝ մարտի 31-ին, Գյումրու քաղաքապետի թեկնածուն մամուլի ասուլիսի ժամանակ հետևյալ արտահայտությունն է արել․ «Հետո էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»։
Հարկ է ընդգծել, որ գործադիրում կանանց նշանակումների, նրանց պաշտոնավարման վերաբերյալ տարբեր կարծիքներն ու քննադատությունները կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել ոլորտում նրանց դերի, ներգրավվածության, իրավունքների պաշպտանության համար, կանայք կարող են խուսափել այդ գործունեությունն իրականացնելուց՝ թիրախում չհայտնվելու համար։
Մարիամ Շահնազարյան