Սահմանադրական դատարանը նոյեմբերի 24-ին աշխատակարգային որոշում է ընդունել «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին:
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը ՍԴ-ին է դիմել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի վարչական գործով։ Նշանակումից մեկ տարի էլ չանցած, Կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի նիստին գործադիրը որոշեց պաշտոնանկ անել նրան։
Վահագն Վերմիշյանը 2020-ի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կառավարության։ Առաջին ատյանի դատարանը, դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, որոշել է մերժել ներկայացված հայցադիմումը։
2021-ի մայիսի 5-ին Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ դիմել է Վարչական վերաքննիչ դատարան, որի որոշմանն առանձնակի անդրադառնալու կարիք կա։ Դատարանը չնայած չի վերականգնել Վերմիշյանին պաշտոնում, սակայն անվավեր է ճանաչել կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը:
Այնուհետեև Կառավարությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել 2023-ի օգոստոսի 14-ին։ Նախագահող և զեկուցող դատավոր է նշանակվել Ռուզաննա Հակոբյանը։ Օգոստոսի 31-ին Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարան դիմելու որոշում է ընդունել։ Նույն օրը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել։
«Գտնելով, որ նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված իրավակարգավորման կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, ուստի նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործի լուծումը հնարավոր է միայն վկայակոչված նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման միջոցով, Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վկայակոչված իրավանորմի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 146-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին»,-նշվում է Վճռաբեկի որոշման մեջ։
Նշված հոդվածներով ՍԴ դիմելու վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է աշխատանքային իրավունքի փորձագետ Մարատ Ատովմյանի հետ։
Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նշվում է․ «Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:
Փորձագետի խոսքով՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ, այսպես կոչված, հատուկ օրենքների դեպքում դատարանը պետք է կիրառի օրենքներում առկա կարգավորումները․ «Դատական պրակտիկայում այս հարցերը առաջանում են՝ դատարանը պետք է կիրառի Աշխատանքային օրենսգիրքը, թե՞ օրենքը»։
Միևնույն ժամանակ փորձագետը նշում է՝ մեկ անգամ չէ, որ Վճռաբեկ դատարանը նման բնույթի գործերով որոշումներ է կայացրել և կիրառել Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը։ Այդ ժամանակ որևէ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այն կարող է հակասել Սահմանադրությանը։ Բացի այդ, ընթերցելով նշված հոդվածի բովանդակությունը և Վճռաբեկ դատարանի վկայակոչած Սահմանադրության հոդվածները, հարց է առաջանում, թե ինչպիսի՞ իրավական խնդիր են տեսել այստեղ Վճռաբեկ դատարանի դատավորները։
Փորձագետը ենթադրում է, որ ՍԴ-ն գործը վարույթ է ընդունել մեկընդմիշտ հարցը կարգավորելու համար և համոզված է՝ Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը դատարանը համարելու է Սահմանադրությանը համապատասխանող։