Վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Կառավարությունը 50 միլիոն դրամ պետք է վճարի Վահագն Վերմիշյանին․ գործի դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է

Նշանակումից մեկ տարի էլ չանցած, Կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի նիստին գործադիրը որոշեց պաշտոնանկ անել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին։ Հարցը չզեկուցվողների թվում էր:

«Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին: Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց կարծում են, որ նման վիրավորանք  հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,-այդ օրը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ գործն այժմ Վերաքննիչ քրեական դատարանում է։ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով արդարացում է պահանջում։

Նիկոլ Փաշինյանի այս  հայտարարություններից հետո Վահագն Վերմիշյանը 2020-ի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կառավարության։ Առաջին ատյանի դատարանը, դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, որոշել է մերժել ներկայացված հայցադիմումը։ 

2021-ի մայիսի 5-ին Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ դիմել է Վարչական վերաքննիչ դատարան, որի որոշմանն առանձնակի անդրադառնալու կարիք կա։

Բողոքաբերը նշել է, որ Վարչական դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդվածները, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: Նշել է, որ Կառավարությունը, գործառույթային առումով, իրավական համակարգում հանդիսանում է վարչական մարմին, քանի որ իրականացնում է հանրային գործառույթ, և որպես այդպիսի մարմին՝ վարչարարություն իրականացնող, մասնավորապես՝ իրականացնում է հանրային ծառայության անցնելու հետ կապված գործառույթ, այն է՝ վարչապետն է ներկայացնում կառավարության հաստատմանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածուին պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցը:

Հայցվոր կողմի կարծիքով՝ դատարանը, «թույլ տալով սույն բողոքում նշված ակնհայտ և կոպիտ խախտումներ», սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, կայացրել է ակնհայտ սխալ դատական ակտ՝ մերժելով հայցադիմումը: Դիմելով վերաքննիչ դատարան բողոքաբերը խնդրել է վերաքննիչ բողոքը բավարարել, ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի կայացրած դատական ակտը՝ փոփոխել վարչական դատարանի ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ ամբողջությամբ բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ գործն ուղարկելով վարչական դատարան նոր քննության:

Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչը դատարանում վկայակոչել է նաև Սահմանադրության 49-րդ հոդվածը, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը, որը սահմանում է․

Յուրաքանչյուր քաղաքացի, առանց որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա.

ա/ մասնակցելու պետական գործերը վարելուն` ինչպես անմիջականորեն, այնպես էլ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով.

բ/ քվեարկել և ընտրվել իսկական պարբերական ընտրություններում, որոնք անց են կացվում համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, և ապահովում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը.

գ/ իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնել պետական ծառայություն:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունքը ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնական իրավունքներից է, որի իրացումն իրավական, ժողովրդավարական պետության պայմաններում ոչ միայն աշխատանքի ազատ ընտրության, այլև ժողովրդաիշխանության իրացման դրսևորում է: Այդ իրավունքը պաշտպանվում է Սահմանադրության ուժով, որի իրացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: 

Հայցվորը նշել է, որ  տվյալ դեպքում հայցվորի զբաղեցրած պաշտոնն իր բնույթով վարչական պաշտոն է, ինչի պարագայում վերը թվարկված հիմնավորումներով պատասխանողի կողմից խախտվել են Սահմանադրությամբ, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված օրինականության սկզբունքը, ինչպես նաև անձանց հանրային ծառայության անցնելու սահմանադրորեն երաշխավորված իրավունքը: Այսպիսով հայցվորը զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքի խախտման հիման վրա, սխալ տեղեկատվության կիրառման և առանց պարզաբանման:

Վերոգրյալի հիման վրա էլ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության որոշումը և վերականգնել նախկին հաստիքում:

Court.am կայքում Կարեն Գևոգյանի լուսանկաըը բացակայում էր

Court.am կայքում Կարեն Գևոգյանի լուսանկաըը բացակայում էր

Դատարանը, կազմով Ալեքսանդրա Հարությունյանի, Կարեն Գևորգյանի և Էդվարդ Նահապետյանի, 2023-ի հունիսի 16-ին որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ներկայացված հայցադիմումը բավարարել մասնակի։ Դատարանը գտել է, որ Վահագն Վերմիշյանի նկատմամբ՝ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը իրավաչափ չէ։

Դատարանը չնայած չի վերականգնել Վերմիշյանին պաշտոնում, սակայն անվավեր է ճանաչել կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը:

Դատարանն արձանագրել է․ Վահագն Վերմիշյանին պաշտոնի նշանակած կառավարությունը փոփոխվել է և 2021թ. ձևավորվել է նոր կառավարություն, որը չի հանդիսանում Վերմիշյանի գործատուն․ «․․․Նոր ձևավորված կառավարությունը նշանակել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նշված փաստակազմը առաջացնում է աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն, որպիսի պայմանների առկայության դեպքում օրենսդրի կողմից սահմանվել է այդ իրավիճակում փոխհատուցում ստանալու իրավունքը»:

Մասնավորապես՝ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին, մասնավորապես՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: 

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը չի սահմանել որևէ չափորոշիչ վերոնշյալ հատուցման չափը որոշելու համար և այդ հատուցման չափը որոշելը թողնվել է դատարանի հայեցողությանը:

«․․․․․․Օրենսդրի կողմից սահմանվել են օբյեկտիվ հիմքերով աշխատողին աշխատանքից հեռացնելու դեպքում վերջինիս այլ աշխատանք առաջարկելու հստակ չափորոշիչներ՝ միաժամանակ սահմանելով նաև այդպիսի հնարավորության բացակայության դեպքում աշխատողին աշխատանքից հեռացնելու պատճառով վերջինիս հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցում վճարելու պարտավորությունը»,-նշվում է դատարանի որոշման մեջ: 

Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: 

Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով։

Վերաքննիչ դատարանը մեջբերում է նաև Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածին, նշել է, որ օրենսդիրը նախատեսել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու 2 հնարավոր կառուցակարգ: 

Առաջին դեպքում աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։

2-րդ դեպքում նախկին աշխատանքային հարաբերությունները չեն վերականգնվում, և աշխատողը ստանում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում: 

Վահագն Վերմիշյանի դեպքում ընտրվել է 2-րդ տարբերակը։ Ինչպես նշվել է ավելի վաղ, դատարանը գտնում է, Վահագն Վերմիշյանին պաշտոնի նշանակած կառավարությունը փոփոխվել է, 2021-ին ձևավորվել է նոր կառավարություն, որը չի հանդիսանում Վահագն Վերմիշյանի գործատուն։

Դատարանն արձանագրել է, որ նշված կառուցակարգերը չեն կարող գործել միաժամանակ, քանի որ բացառում են միմյանց։ 

Այսինքն՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը չբավարարվելու պայմաններում ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կառավարությանը պետք է պարտավորեցնել.

ա/ Վահագն Վերմիշյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը,

բ/ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով: 

«Կառավարության անգրագիտության պատճառով բյուջեից շուրջ 50 միլիոն դրամ պետք է Վահագն Վերմիշյանին փոխհատուցվի։ Խոսել եմ պարոն Վերմիշյանի հետ, մեր հաշվարկներով՝ ակտը մտել է ուժի մեջ, կառավարությունը չի բողոքարկել։ Սակայն նրան չի ուրախացնում այդ փաստը, որովհետև այդ փոխհատուցումը պետք է հարկատուների հաշվին տրվի»,-Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Դատարանը սակայն չի բավարարել հայցվորի՝ նախկին պաշտոնում վերականգնելու խնդրանքը։

Այնուհետեև Կառավարությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել 2023-ի օգոստոսի 14-ին։ Նախագահող և զեկուցող դատավոր է նշանակվել Ռուզաննա Հակոբյանը։ Օգոստոսի 31-ին Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարան դիմելու որոշում է ընդունել։ Նույն օրը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել։

«Գտնելով, որ նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված իրավակարգավորման կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, ուստի նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործի լուծումը հնարավոր է միայն վկայակոչված նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման միջոցով, Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վկայակոչված իրավանորմի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 146-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին»,-նշվում է Վճռաբեկի որոշման մեջ։ 

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 19-ին գործն ընդունել է քննության, գործով զեկուցող նշանակել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանին։ Դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 28-ին։

Նշված հոդվածներով ՍԴ դիմելու վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է աշխատանքային իրավունքի փորձագետ Մարատ Ատովմյանի հետ։ 

Աշխատաքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նշվում է․ «Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:

Փորձագետի խոսքով՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ, այսպես կոչված, հատուկ օրենքների դեպքում դատարանը պետք է կիրառի օրենքներում առկա կարգավորումները․ «Դատական պրակտիկայում այս հարցերը առաջանում են՝ դատարանը պետք է կիրառի Աշխատանքային օրենսգիրքը, թե՞ օրենքը»։

Միևնույն ժամանակ փորձագետը նշում է՝ մեկ անգամ չէ, որ Վճռաբեկ դատարանը նման բնույթի գործերով որոշումներ է կայացրել և կիրառել  Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը։ Այդ ժամանակ որևէ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այն կարող է հակասել Սահմանադրությանը։ Բացի այդ, ընթերցելով նշված հոդվածի բովանդակությունը և Վճռաբեկ դատարանի վկայակոչած Սահմանադրության հոդվածները, հարց է առաջանում, թե ինչպիսի՞ իրավական խնդիր են տեսել այստեղ Վճռաբեկ դատարանի դատավորները։ 

Փորձագետը ենթադրում է, որ ՍԴ-ն գործը վարույթ է ընդունել մեկընդմիշտ հարցը կարգավորելու համար և համոզված է՝ Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը դատարանը համարելու է Սահմանադրությանը համապատասխանող։

Առանձին հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ ՀՀ նախագահը հրաժարվել է գործով զեկուցողին՝ Ռուզաննա Հակոբյանին, նշանակել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում։

Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանին՝ խնդրելով հայտնել, թե ովքե՞ր են եղել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար առաջադրված թեկնածուները, ԲԴԽ կազմից ովքե՞ր են մասնակցել թեկնածուի ընտրության քվեարկությանը։ Խնդրել էինք նաև ներկայացնել քվեարկության արդյունքները, թե թեկնածուներից որը քանի քվե է ստացել։

Ի պատասխան հարցման, ԲԴԽ-ն իր պատասխանում հղում էր արել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածին, որով սահմանած է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը, և հայտնել, որ տեղեկություն տրամադրվել չի կարող, քանի որ ընտրությունը կատարվել է դռնփակության պայմաններում, դրան մասնակցել են միայն խորհրդի անդամները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել