Նախագահը Ռուզաննա Հակոբյանին չի նշանակել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է հրապարակել, որի համաձայն՝ որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Ռուզաննա Սուրիկի Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար։

Iravaban.net-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանին՝ խնդրելով հայտնել, թե ովքե՞ր են եղել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար առաջադրված թեկնածուները, ԲԴԽ կազմից ովքե՞ր են մասնակցել թեկնածուի ընտրության քվեարկությանը։ Խնդրել էինք նաև ներկայացնել քվեարկության արդյունքները, թե թեկնածուներից որը քանի քվե է ստացել։

Ի պատասխան հարցման, ԲԴԽ-ն իր պատասխանում հղում է արել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածին, որով սահմանած է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը, և հայտնել․

Դատական և իրավական բարեփոխումների 2019-23 թթ․ ռազմավարությամբ նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավումը, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովումը։

«Ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ինչն առաջացնում է հասարակության անվստահությունը և կասկածի տակ է դնում որոշումների ընդունման հարցում խորհրդի անդամների անկախությունը և հաշվետվողականությունը»,-նշված է ռազմավարության մեջ։

Անդրադառնալով այն որոշմանը (որոշումներին), որը կապված է այս կամ այն պաշտոնին դատավորի, թեկնածուի ընտրության հարցին՝ հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից ընտրության դեպքում քվեարկությունները ևս փակ, գաղտնի կարգով են կատարվում, սակայն հայտնի են լինում պաշտոնին հավակնող թեկնածուները, հրապարակվում են ստացված քվեների արդյունքները։ Այնինչ, ԲԴԽ-ի կողմից թեկնածուի ընտրության հարցում հնարավոր չի լինում իմանալ ոչ մյուս թեկնածուների անունները, ոչ էլ թեկնածություների ստացած քվեների թիվը։ Նաև ստացվում է, որ ռազմավարությամբ նախատեսված նպատակը այդպես էլ մնացել է զուտ գրված ռազմավարության շրջանակներում, և որևէ համակարգային առաջընթաց չի գրանցվել։

Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածով անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իր գործունեությամբ այս մարմինը ողջամիտ կասկածի տակ է դնում իր թափանցիկությունը։ Հետևապես, ստացվում է այնպես, որ եթե նշված մարմնի աշխատանքը թափանցիկ չէ, ինչպե՞ս է այդ մարմինը երաշխավորելու մյուս դատարանների և դատավորների անկախությունը։

__________

Ավելի ուշ ԲԴԽ-ն հրապարակեց 16․08․22 ընդունված ԲԴԽ-79-Ո-260 որոշումը՝ Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցի վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ ԲԴԽ-ն՝ օգոստոսի 15-ին, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ԲԴԽ-74-Ո-240 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունը, որոշել է ընդունել այն։

Ի պատասխան Iravaban.net-ի դիմումի, ՀՀ նախագահի աշխատակազմից մեզ տրամադրեցին ներկայացված առարկությունը։

ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում Ռուզաննա Հակոբյանի ներկայացրած կենսագրությունում ևս նշված է, որ ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

__________

Ռուզաննա Հակոբյանը օգոստոսի 16-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ 15.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-79-Ո-260 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որով ԲԴԽ-ն ընդունել էր ՀՀ նախագահի կողմից ներկայացված առարկությունը։

Գործը մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին։

Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Հանրապետության նախագահի առարկության հիման վրա, գործի քննությունն առնչվում է վերջինիս լիազորություններին, դատարանը ՎԴ օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հանրապետության նախագահին ներգրավել է որպես երրորդ անձ: Այլ մանրամասներ ներկայացրած հայցադիմումի մասին հայտնի չեն։

__________

Հավելենք նաև՝ բացի այն, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասով էլ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում: Հետևաբար, Ռուզաննա Հակոբյանն այլևս չի կարող առաջադրվել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշոտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել